Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մասնեի «Մանոն» օպերան արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին

3159
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 18:10
Մասնեի «Մանոն» օպերան արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 7-ին և 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Ժ․ Մասնեի «Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերան։

Իրադարձությունը բացառիկ է, քանի որ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գործունեության 85 տարիների ընթացքում առաջին անգամ ներկայացվել է Մասնեի «Մանոն» օպերան։

Պրեմիերային երկու ներկայացումների արձագանքը կարծես թե գերազանցել է սպասումները. «Մանոնը» հանդիսատեսի կողմից ընդունվել է հոտնկայս ու չդադարող ծափերով:

Մասնեի «Մանոն» օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել է 1884թ․ հունվարի 19-ին Փարիզի «Օպերա կոմիկում»։

Ա․Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016թ․ հունվարի 29-ին։ Ներկայացման գլխավոր դերակատարներից է եղել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը։

Լիպարիտ Ավետիսյանը Ա․Ժագարսի բեմադրությամբ Մասնեի «Մանոն» օպերայում մարմնավորած Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»։

«Մանոնի» հայաստանյան բեմադրությունն իրականացնելու նպատակով մաեստրո Կ․Օրբելյանի հրավերով Ա․Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ներգրաված են աշխարհի տարբեր երկրներից լավագույն հագուստի դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։ Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։