Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

Ավստրալահայ Աղաջանյանների ընտանիքն այսօր ժամանեց Հայաստան՝ մշտական բնակության (տեսանյութ)

209
Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 19:45
Ավստրալահայ Աղաջանյանների ընտանիքն այսօր ժամանեց Հայաստան՝ մշտական բնակության (տեսանյութ)

ՀՀ սփյուռքի նախարարությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 10-ին Ավստրալիայից իրենց երկու երեխաների հետ Հայաստան են ժամանել ամուսիններ Արա Աղաջանյանն և Մարինա Օգանեսյանը, որոնք որոշել են բնակություն հաստատել Երևանում:

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, նախարարության աշխատակիցները և ընտանիքի բարեկամները:

Բաբկեն Տեր Գրիգորյանը, բարի գալուստ մաղթելով հայրենադարձ ընտանիքին, կարևորել է հայրենիք վերադառնալու որոշումը՝ հույս հայտնելով, որ նրանց քայլը շատ սփյուռքահայերի համար օրինակ կդառնա:

«Այս ընտանիքի հայրենադարձվելը խոսում է այն մասին, որ սփյուռքը հետաքրքրված է Հայաստանով, որ սփյուռքահայերը այլևս Հայրենիք են գալիս ո՛չ թե զբոսաշրջիկի կարգավիճակով, այլ սեփականատիրոջ իրավունքով»,- ընդգծել է փոխնախարարը:

Արա Աղաջանյանն էլ նշել է, որ իրենց ուրախությունն ու հուզմունքն աննկարագրելի են, քանի որ այս օրվան երկար են սպասել: Լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետ՝ նա ցանկանում է իր վերադարձով օգտակար լինել Հայաստանի զարգացմանը, ներդրում անել և աշխատատեղեր ստեղծել:

«Դեռ անցյալ տարի էինք որոշել Հայաստանում հաստատվել, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը նոր խթան հանդիսացավ, որոշեցինք շտապել և մինչև տարեվերջ հայրենիք տեղափոխվել: Մեծ հույսերով ենք եկել: ճիշտ է, գիտակցում ենք, որ դժվարությունների բախվելու ենք, բայց չենք վհատվում, քանի որ գիտենք՝ ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է Արա Աղաջանյանը:

Մարինա Օգաննեսյանը ընդգծել է, որ հայրենիքում մշտական բնակություն հաստատելու հիմնական պատճառն իրենց երեխաների՝ 10-ամյա Արսենի և 13-ամյա Գայանեի ապագայով մտահոգ լինելն է եղել:

«Մեր երեխաները ծնվել և մեծացել են հեռավոր Սիդնեյում, սակայն հաճախակի այցելել և սերտ կապ են ունեցել Հայրենիքի հետ: Մենք էլ ամեն կերպ հետևել ենք նրանց ինքնության ու ազգային դիմագծի պահպանմանը: Սա է պատճառը, որ ցանկանում ենք, որ նրանք Հայաստանում դպրոց հաճախեն և իրենց ապագան այստեղ կերտեն»,-ասել է Մարիա Օգաննեսյանը: