Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մենք աստիճանաբար վերածվում ենք սպառողների մի հասարակության, որ հանճարներ կամ մեծություններ այլևս չի ծնում». Հայկ Մարտիրոսյան

359
Երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ., 10:45
«Մենք աստիճանաբար վերածվում ենք սպառողների մի հասարակության, որ հանճարներ կամ մեծություններ այլևս չի ծնում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բախտ եմ ունեցել Ազնավուրին անձամբ ճանաչելու: Հիմա փառաբանության խոսքեր շատերն են ասելու, շատերն են գեղեցիկ մահախոսականներ գրելու: Եվ այսօր ես կուզենայի նրա երևույթին այլ տեսանկյունից մոտենալ.
Ազնավուրը բարձր քաղաքակրթության կրող էր: Ու թեև խիստ կոսմոպոլիտ էր՝ ինչպես արդի ֆրանսիացիների մեծ մասը, բայց և միաժամանակ՝ իր մենթալիտետում կրում էր հայկական ազգային մի շարք գծեր:
Ազնավուրն երջանիկ կյանք ապրեց. և կարևորն այստեղ այն է, որ մինչև կյանքի ամենավերջին փուլըն առողջ էր: Առողջ կենսաձևն ու աշխատասիրությունն էին նրա երկարակեցության գաղտնիքները: Մի բան, որ մեր հասարակությունն այսօր այլևս պարտավոր է որդեգրել:
Ազնավուրը նաև այն վերջին համաշխարհային և միջազգային հռչակ վայելող մեծությունն էր, որով հպարտանում էին աշխարհի բոլոր անկյունների հայերը: Այդպիսիք այլևս չկան: Վերջին հայ մոհիկանն այլևս պատմություն է: Եվ հիմա, երբ մշակութային-ազգային կենդանի մեծություններ այլևս գրեթե չկան, մշակութային և ազգային նոր վերելք ապահովելը դառնում է հրամայական: Ու թեև այդպես էր վաղուց, հիմա դա ուղղակի անհետաձգելի օրակարգ պետք է դառնա: Մենք աստիճանաբար վերածվում ենք սպառողների մի հասարակության, որ հանճարներ կամ մեծություններ այլևս չի ծնում, որը, զբաղվելով ժողովրդավարության ոլորտում կուտակված հսկայական խնդիրները լուծելով՝ սկսել է անտեսել ազգայինի ամենակարևոր կոմպոնենտը և դրա արդյունքում կարող է կորցնել սեփական դիմագիծն ու ազգային նկարագիրը:
Իսկ մեծություններ պատվերով չեն ստեղծվում, պատվերով չեն դառնում: Անհրաժեշտ է ստեղծել և հետապնդել ազգային օրակարգ և ազգային նոր հանճարների աճման պայմաններ ապահովել, որոնք իրենց հերթին կդառնան վերազգային, միջազգային մեծություններ:
Ազնավուրը գնաց, և նոր, տեղական ազնավուրների ծնունդն այլևս անհրաժեշտություն է, որ չի կարելի անտեսել:
Ազնավուր այլևս երբեք չի լինի, բայց կլինեն այլ ազնավուրներ ...»: