Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Նրա պնդումները սուտ են». վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի պարզաբանումը

181
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 00:45
«Նրա պնդումները սուտ են». վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի պարզաբանումը

Կառավարության գործերի կառավարչության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատաքից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Նարե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե աշխատանքից ազատվել է, որովհետև գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է արտաժամյա աշխատել, բայց նա մերժել է, որովհետև 7 տարեկան երեխա ունի, ում միայնակ է մեծացնում: Երեխայի հայրը մահացել է 2 տարի առաջ:

Էդուարդ Աղաջանյանը ՀԺ-ին տված պարզաբանման մեջ նշել է, որ Գրիգորյանը աշխատավայրում հավելյալ մնալու խնդրով իրեն դիմել է, բայց իրանակում պարզվել է, որ նման բան չի եղել:

«Տիկին Գրիգորյանը պնդում էր, որ գործերի կառավարիչն իրեն պահում է արտաժամյա՝ մինչև 22:00-ն և նա չի կարողանում համատեղել անչափահաս երեխայի խնամքը: Նա առաջարկում էր իրեն այդքան երկար չպահել: Նա գործերի կառավարչի մասին ինձ մոտ անհարգալից էր խոսում, որի հետ կապված նրան որևէ բան չի ասվել: Ես խնդիրը քննարկել եմ պարոն Պապիկյանի հետ և պարզվել է, որ Նարե Գրիգորյանը ստել է, որովհետեւ նա աշխատանքից ամենաուշը դուրս է եկել 18:15 րոպեին»,- ասել է Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միաժամանակ տեղեկացրել է, որ գործերի կառավարչի ասածից զատ նա ստուգել է նաև կառավարության մուտքի և ելքի էլեկտրոնային համակարգը, ինչի միջոցով պարզ է դարձել, որ Նարե Գրիգորյանն աշխատանքից հեռացել է վերոնշյալ ժամանակահատվածում: «Փաստաթղթերը ես ուսումնասիրել եմ և չկա մի օր, որ Նարե Գրիգորյանը դուրս է գալիս ժամը 18:20-ից ուշ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում: Նրա պնդումները սուտ էին»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: