Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Համերգային երեկո՝ նվիրված Կոնստանտին Սիմոնյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին

621
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 20:05
Համերգային երեկո՝ նվիրված Կոնստանտին Սիմոնյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին

«Երևան օպերա-85» հոբելյանական համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գործունեության 85-ամյակին, Թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն Կոնստանտին Սիմոնյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված համերգային երեկո։

Մինչ համերգային երեկոն նախատեսված է
շրջայց Օպերային թատրոնում։

Կոնստանտին Սիմոնյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 30-ին՝ Բուխարեստում: Երեք տարեկան հասակում տեղափոխվել է Հայաստան, սակայն 1949թ. ընտանիքի հետ աքսորվել է Ալթայի երկրամաս: Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի շնորհիվ, 9 տարի անց, վերադարձել են աքսորից: 1966 թվականից երգել է Էջմիածնի հոգևոր երգչախմբում: 1968 թվականից եղել է խմբավար Էմմա Ծատուրյանի ղեկավարած Ա.Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի արտիստ: 1971թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1978թ-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը՝ Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանը: 1977-85թթ որպես մեներգիչ աշխատել է կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում: 1969-2011թթ. աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ:

Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ), «Կարինե» (Մարգար), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Մոսի), «Դավիթ Բեկ» (Վախթանգ), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Սևերո), Ջ.Վերդիի «Օթելլո» (Յագո), «Աիդա» (Ամոնասրո), «Տրուբադուր» (Կոմս դի Լունա), «Տրավիատա» (Ժերմոն), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխան), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Իշխան Թաթուլ), Է.Սադոյանի «Գրիգոր Լուսավորիչ» (Հազարապետ Օթա), Ջ.Պուչչինիի «Բոհեմ» (Մարսել), Ռ.Լեոնկավալլո «Պայացներ» (Տոնիո և Սիլվիո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո), Ու.Ջորդանոյի «Անդրե Շենյե» (Ժերար), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Ալեկո), Պ.Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» (Ալֆիո), Ջ.Ռոսսինի «Ամուսնության լիազորագիր» (Տոբիաս Միլլ) և այլն: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Չինաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, ԱՄԷ-ում, Էկվադորում, Պերուում, Ռուսաստանում, Ուկրաինաում և այլուր: Չորս տարի դասավանդել է Էկվադորի կոնսերվատորիայում: 1990թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1995թ-ից՝ պրոֆեսոր):

Պարգևատրվել է մի շարք մեդալներով, պատվոգրերով:

1997թ. արժանացել է ՀԹԳՄ Գոհար Գասպարյանի անվան մեդալի, 2003թ-ին՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ-ին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: