Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Երբ ծիրանի կորիզը դառնում է արվեստի գործ. Աննա Նուռի մանրանկարները՝ ազգային մոտիվներով

3442
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 20:50
Երբ ծիրանի կորիզը դառնում է արվեստի գործ. Աննա Նուռի մանրանկարները՝ ազգային մոտիվներով

Աննա Նուռ. այս անվամբ են ճանաչում արվեստագետ Աննա Մանվելյանին, ով ստեղծագործում է արդեն 15 տարի և որի աշխատանքները տարածված են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում՝ Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Հունաստան, Չինաստան և այլն:

Մանրանկարչուհին ստեղծագործում է միայն փայտի վրա՝ գդալներ, զարդատուփեր, կախազարդեր, ականջօղեր և այլն: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամենաբարդն ու ինքնատիպը ծիրանի կորիզի վրայի աշխատանքներն են՝ հայրենասիրական մոտիվներով:

«Ծիրանի կորիզի վրա անվանատառեր ու նախշեր եմ պատկերում, օգտագործում եմ որակյալ նյութեր, որպեսզի երկար պահպանվեն, ժամանակի ընթացքում գույնն ու որակը չգցեն»,- ասում է Աննան:

Մանրանկարչության հանդեպ սերը ծնողները նկատել են դեռ մանկուց. Աննան պատմում է, որ դպրոցում՝ դասերի ժամանակ, հաճախ էր նկարում: «Հարազատներս, բարեկամներս կատակում էին՝ ի՜նչ մանր ես նկարում, խոշորացույցով պետք է նայենք, որ տեսնենք ու հասկանանք»,- հիշում է նկարչուհին:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գեղարվեստի ուսումնարանի հայկական մանրանկարչության բաժինը, այդտեղից էլ սկսվում է մասնագիտական գործունեությունը:

Աննան սիրում է նվիրել իր աշխատանքները ոչ միայն մտերիմներին, ընկերներին, այլև իր արվեստի սիրահարներին, մի մասն էլ, իհարկե, վաճառում է. նրան կարելի է հանդիպել Վերնիսաժում՝ աշխատանքների ամբողջական տեսականին այնտեղ է: