Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացրել է հակամրցակցային գործունեություն. ՔԿ

531
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 09:30
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացրել է հակամրցակցային գործունեություն. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը։

Քրեական գործի տվյալներով՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008 թվականին տրված ՏԿՈւ 00223 և 05.11.2009 թվականին տրված ՏԿՈւ 00346 լիցենզիաների հիման վրա իրականացրել են ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով:

Նշված ընկերությունների նախկին սեփականատիրոջ ներկայացրած հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ:

Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2015թ. ճանաչվել են սնանկ, որոնք այնուհետև ձեռք են բերվել «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ ներկայումս նշված երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ մրցակցությունը սահմանափակելը, որն ուղղված է տնտեսավարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, 2018թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

2018թ. օգոստոսի 22-ին քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ընդունվել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։