Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թեհմինե Ենոքյանը դիմել է Վալերի Օսիպյանին

739
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 20:05
Թեհմինե Ենոքյանը դիմել է Վալերի Օսիպյանին

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Թեհմինե Ենոքյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝

Ջերմուկում ոստիկանական կազմի շահերի բախման կապակցությամբ:

Պարոն Օսիպյան,

արդեն 50 օրից ավելի է՝ Վայոց Ձորի բնակիչները, Հայաստանի այլ վայրերից մտահոգ մարդկանց հետ միասին, իրենց սահմանադրական իրավունքներն են պաշտպանում, ինչպես նաև սահմանադրական պարտավորությունն են կատարում՝ հոգ տանելով բնական միջավայրի պահպանության համար Ամուլսարում։

Վերջին օրերին արդյունահանմամբ շահագրգռված ընկերության՝ Լիդիան Արմենիայի հրահրմամբ լարվածություն է առաջացել, քանի որ ընկերությունից աշխատավարձ ակնկալող տեղացիներին Լիդիանը դուրս է հանել Ամուլսարի պաշտպանների դեմ։

Այս իրավիճակը ենթադրում է ոստիկանության աչալուրջ վերահսկողություն և քաղաքացիների իրավունքների համապատասխան պաշտպանություն։ Մենք կասկածներ ունենք, որ Ջերմուկի ոստիկանության պետը՝ Աշոտ Խաչատրյանը կարող է անաչառ որոշումներ կայացնել նման իրավիճակում, քանի որ նրա ընտանեկան և բարեկամական հարաբերություններում կան Լիդիան Արմենիա ընկերության հետ ուղղակիորեն առնչվող անձինք։ Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի կինը՝ Նաիրա Հովսեփյանն աշխատում է Լիդիան Արմենիայում։ Աշոտ Խաչատրյանի ընտանիքի հետ նաև քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Լիդիան Արմենիայում աշխատող միջին ղեկավար անձնակազմի անդամներից մեկը՝ Արթուր Մակարյանը։ Կան նաև լուրեր, որ Աշոտ Խաչատրյանը Լիդիան Արմենիային վարձակալությամբ գույք է տրամադրում։

Այս դիմումով խնդրում ենք հրատապ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել ոստիկանական կազմում առկա հնարավոր շահերի բախումը կանխելու, շահագրգիռ կողմ հանդիսացող՝ Լիդիան Արմենիայի հետ ընտանեկան, աշխատանքային, ֆինանսական, ծառայությունների մատուցման կամ որևէ նման հարաբերություն ունեցող ոստիկանության անձնակազմին ձերծ պահելու Ամուլսարում որոշումների կայացումից և այդ գործընթացում առնվազն ժամանակավորապես ներգրավելու շահերի բախում չենթադրող անձնակազմի։

Շնորհակալություն,

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Թեհմինե Ենոքյան

Ջերմուկի ոստիկանության պետ՝ Աշոտ Խաչատրյան
Ջերմուկի ոստիկանության պետ՝ Աշոտ Խաչատրյան
Աշոտ Խաչատրյանի կինը, Նաիրա Հովսեփյանը
Աշոտ Խաչատրյանի կինը, Նաիրա Հովսեփյանը