Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դեռևս թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ». ՀՀ վարչապետ

376
Չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ., 15:55
«Դեռևս թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ):

Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:

Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին և վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել և ֆորմատը կաթվածահար կլիներ:

Քանի որ դեռևս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում: