Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Մշակույթի նախարարությունն անընդունելի է համարում առանց քննարկելու արձանի տեղադրումը

425
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 14:45
Մշակույթի նախարարությունն անընդունելի է համարում առանց քննարկելու արձանի տեղադրումը

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլտվության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը,

Հիշեցնելով, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև «Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի» դրույթները,

համարելով, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է,

կիսելով հանրության ու մասնագետների՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը աղճատելու վերաբերյալ մտահոգությունը,

միանում է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում՝ նրա վերգետնյա աստիճանաձև հարթակին Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքների կասեցման նախաձեռնությանը:

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանը խորհրդահայ ճարտարապետության և XX դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույց է. ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել և ստանձնել է կայարանին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:

Անընդունելի է առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման՝ արձանի տեղադրման թույլատրումը, հատկապես հաշվի առնելով Արամ Մանուկյանի, հայոց պետականության կերտման գործում նրա գործունեության բացառիկ նշանակությունը և նրա արձանի ստեղծման, մայրաքաղաքում տեղադրման օրակարգային առաջնահերթությունը:

ՀՀ մշակույթի նախարարություն