Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Անհրաժեշտ է դադարեցնել այս դիմակահանդեսը». Մարգվելաշվիլին դիմել է Իվանիշվիլիին

2435
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 15:30
«Անհրաժեշտ է դադարեցնել այս դիմակահանդեսը». Մարգվելաշվիլին դիմել է Իվանիշվիլիին

Բիձինա Իվանիշվիլին՝ որպես իշխող կուսակցության ղեկավար, պետք է երկրի վարչապետ դառնա: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրաստանի Եվրոպական ուղի» համաժողովի ժամանակ, փոխանցում է «Грузия Онлайн»-ը:

Մարգվելաշվիլիի խոսքով՝ Վրաստանում անհրաժեշտ է դադարեցնել այն գործընթացը, երբ հանրությունը տեղյակ չի լինում, թե ով և ինչու է փոխում վարչապետերին:

Երեկ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռացել էր Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Երեկ պարոն վարչապետը հրաժարական տվեց և ասաց, որ պետք է հնարավորություն տա կուսակցության ղեկավարին, այսինքն՝ Բիձինա Իվանիշվիլիին, համակարգել նոր կառավարությունը: Կարծում եմ՝ հանրությունը պետք է իմանա՝ ով և ինչու է փոխում վարչապետերին, այնպես, ինչպես նախորդ վարչապետ պարոն Ղարիբաշվիլիի հեռանալուց հետո մենք լսեցինք, որ նա հաջողակ վարչապետ էր: Կարծում եմ՝ դիմակահանդեսի այս շրջանը պետք է վերանա, և պետք է հանրությունն ու մեր օտարերկրյա գործընկերներն իմանան դրա պատճառը: Բիձինա Իվանիշվիլին՝ որպես իշխող կուսակցության ղեկավար, պետք է երկրի վարչապետ դառնա, եթե մենք խոսում ենք պատասխանատու քաղաքականության և պետական գործընթացի ձևավորման մասին»,- ասել է Մարգվելաշվիլին: