Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ամեն դեպքում հաղթելու ենք». Փաշինյանի հարցազրույցը՝ «Коммерсантъ»-ին

1547
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 12:35
«Ամեն դեպքում հաղթելու ենք». Փաշինյանի հարցազրույցը՝ «Коммерсантъ»-ին

Երևանի բնակիչները երեկ դուրս էին եկել «տոտալ գործադուլի և դասադուլի»՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության ձախողումից հետո:

Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Коммерсантъ» պարբերականին, որում պատմել է հետագա գործողությունների մասին:

- Երեքշաբթի խորհրդարանում ինչո՞ւ ձախողվեց վարչապետի ընտրությունը:

- Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ: Իսկ արդյունքում ի՞նչ ստացանք: Մեր կողմնակիցների շրջանակներն ընդլայնվեցին, բոլոր փողոցներն արգելափակվեցին, երկրում այլևս բաց ճանապարհ չմնաց, օդանավակայանը փակվեց, երկաթգիծը փակվեց:

- Երեքշբաթի տպավորություն ստեղծվեց, որ հանրապետականներն ընդհանրապես չեն վախենում ո՛չ ձեզնից, ո՛չ փողոցային ակտիվությունից, ձեզ բավականին կոշտ քննադատեցին:

- Իսկ ինչո՞ւ պետք է վախենան:

- Մինչ խորհրդարանի քվեարկությունը դուք հայտարարեցիք, որ պատրաստ եք համագործակցել հանրապետականների հետ: Դուք հիմա պատրա՞ստ եք նրանցից որևէ մեկի հետ աշխատել:

- Մենք կաշխատենք առանձին անձանց հետ: Իսկ կբանակցենք նրանց հետ միայն իշխանության խաղաղ փոխանցման թեմայով:

- Ո՞րն է գործողությունների հետագա պլանը:

- Նույնն է: Հեղափոխությունը շարունակվում է:

- Հետխորհրդային տարածքում բոլոր հեղափոխությունների հերոսները, օրինակ՝ Ղրղզստանում, Վրաստանում, Ուկրաինայում, հետագայում դառնում են հակահերոսներ:

- Սա Ղրղզստան չէ և ոչ էլ Վրաստան: Հայաստանը տարբերվում է նրանով, որ Հայաստան է:

- Կհաղթահարե՞ք այդ պատասխանատվությունը:

- Իսկ ինչո՞ւ են նման խոսակցություններ սկսվում: Մենք պատասխանատու մարդիկ ենք, եթե սկսել ենք, ապա կարող ենք վերջնակետին հասցնել:

- Ինչպե՞ս եք պատրաստվում փոխել իշխանությունը, որքա՞ն ժամանակ դա կտևի:

- Որքան որ անհրաժեշտ լինի:

- Դուք ակնկալում եք, որ նրանք կհեռանա՞ն:

- Արդեն հեռացել են, պարզապես չգիտեն, չեն գիտակցում:

- Խորհրդարանում ձեզ մեղադրում էին ԵԱՏՄ-ի նկատմամբ ձեր բացասական վերաբերմունքի համար:

- Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին ոչինչ չի սպառնում: Սակայն դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ի ներսում քննարկելու ենթակա հարցեր չկան:

- Շատերին Հայաստանում մտահոգում են նաև Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները, մասնավորապես, ռազմական ոլորտում:

- Իհարկե, մտահոգում են: Իսկ ի՞նչ է՝ Ռուսաստանին լիովին գոհացնո՞ւմ է Հայաստանի քաղաքականությունը: Կարծում եմ նրանք ևս ասելու բան ունեն: Կլինի նորմալ, բարեկամական, դաշնակցային երկխոսություն, և դա լավ է:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իրադարձություններին Ռուսաստանի արձագանքը:

- Նորմալ, շատ լավ: Ռուսաստանը հարգում է մեր շարժումն ու հայ ժողովրդի կարծիքը: