Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կարեʹն Կարապետյան, մենք կարողացել ենք կոմունիստական նոմենկլատուրայից ազատվել, ուրեմն դուք ավելի հզոր չեք և ավելի վախենալու չեք». Սամվել Մկրտչյան

1047
Շաբաթ, 28 ապրիլի, 2018 թ., 01:25
«Կարեʹն Կարապետյան, մենք կարողացել ենք կոմունիստական նոմենկլատուրայից ազատվել, ուրեմն դուք ավելի հզոր չեք և ավելի վախենալու չեք». Սամվել Մկրտչյան

Բաց նամակ իշխանություններին

Երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը ավելի է խորանում: Իշխանությունը ապօրինաբար իր ձեռքում է կենտրոնացրել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չի հարգում հայ ժողովրդի կամքը:

Երկրում տեղի է ունեցել աննախադեպ երևույթ: Հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս է եկել փողոց և պարտադրել գործող իշխանությանը հեռանալ երկրի ղեկից: Ժողովուրդն այսօր մեկ թեկնածու ունի, մեկ առաջնորդ, որը թավշյա՝ ոչ բռնի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է: Երիտասարդ գործիչն ապացուցեց, որ ինքն է միակ հայ մարդը, որը կարող է առանց բռնությունների երկրում իրականացնել թավշյա հեղափոխություն, և նա միակ մարդն է, որն իր գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ կարող է լինել արդար և ուժեղ երկրի ղեկավար:

Բայց երկրի իշխանությունները, ի դեմս Կարեն Կարապետյանի դեռ համառում են.

Այս բաց նամակով հայտնում ենք մեր մտահոգությունը երկրում ստեղծված քաոսի վերաբերյալ և կոչ անում Կարեն Կարապետյանին րոպե շուտ դուրս գալ իլյուզիաներից և իշխանությունը անցնցում հանձնել ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին:

Հարգելի Պարոն Կարապետյան, դուք հիշողությունից հավանաբար այդքան էլ թույլ չեք և հիշում եք 88 թվականի զարթոնքը: Մենք այն ժողովուրդն ենք, որը կարողացել է կոմունիստական նոմենկլատուրայից ազատվել և անկախանալ և ուրեմն դուք ավելի հզոր չեք և ավելի վախենալու չեք, որքան կոմունիստական հզոր կայսրությունն էր, որին անվանում էին չարիքի կայսրություն:

Հիմա հրապարակում հավաքված ժողովուրդն էլ ավեի հզոր ու վճռական է, քան 1988 թվականին հավաքված հասարակությունն էր:

Հայաստանի վարչապետի պաշտոնը ապօրինաբար ստանձնած Կարեն Կարապետյան, դուք այս օրերին փորձում եք Ռուսաստանի միջոցով զենք բարձրացնել հայ ժողովրդի վրա, որը սերունդները երբեք չեն մոռանա, դուք կդառնաք ազգի դավաճան: Հեռացեք ու մի համառեք, ձեր ամեն րոպե համառելը խանգարում է մեր երկրին ու մեր երկիրը տանում դեպի կործանում:

Ժողովուրդը հաղթել է, պետք է ընդունել այդ հաղթանակն ու հեռանալ….

Հարգանքներով իրավապաշտպան Սամվել Մկրտչյան

«Համայնք և իրավունք» ՀԿ նախագահ