Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Այսօր Առողջության համաշխարհային օրն է

399
Շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ., 10:35
Այսօր Առողջության համաշխարհային օրն է

Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը (World Health Day):

Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար:

Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով՝ կենտրոնացնելով ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող առանձին հարցի շուրջ:

Առողջության համաշխարհային օրվա այս տարվա թեման է. «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ բոլորին, ամենուր», իսկ կարգախոսը. «Առողջություն բոլորի համար»:

Այս կարգախոսը կոչ է ջանքերն ուղղելու «առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու» նպատակին, մասնավորապես՝ խթանելով համընդհանուր առողջապահական համակարգերը: Նպատակն է բոլոր շահագրգիռ կողմերին ոգեշնչել, շահադրդել և առաջնորդել՝ համընդհանուր առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) ապահովման ուղղությամբ հաստատակամ պատրաստակամություն դրսևորելու նպատակով: