Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կարո՞ղ է այս դեղերը ժամկետանցի խնդիր ունեին և ուզում էիք ազատվել դրանցից». Սերգեյ Բագրատյանը՝ փոխնախարարին

452
Երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ., 16:35
«Կարո՞ղ է այս դեղերը ժամկետանցի խնդիր ունեին և ուզում էիք ազատվել դրանցից». Սերգեյ Բագրատյանը՝ փոխնախարարին

«Մեր ժողովուրդը հրաշալի ասացվածք ունի ՝ արգելված պտուղը քաղցր է: Հնարավոր է՝ առողջապահության նախարարությունը դրական գործ է անում, հնարավոր է՝ մեր քաղաքացիների առողջության համար մտահոգ է, բայց կազմակերպման ձևը և օրենքի հրապարակման ձևը, ինչպես միշտ վատագույնն է: Մենք միանգամից այնպիսի սթրես ենք առաջացնում հասարակության մոտ, որ նա դեղատներից օրերով տուն չի գնում, որովհետև կարծում է՝ դեղը վերջացավ և այդ սթրեսից պաշտպանվելու համար 2-3 տարվա համար դեղ է գնում»,- այսպիսի նախաբանով սկսեց իր հարցադրումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա ԱԺ-ում «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հարց ուղղելով Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին, ասաց. «Այս որոշումով եղե՞լ է թաքնված նպատակ: Կարո՞ղ է այս դեղերը ժամկետանցի խնդիր ունեին և այդ բալանսից ազատվելու համար ուզում էիք ազատվել դրանցից: Եվ այդ ժամկետանց դեղերը ոչնչացնելու մենք հստակ տեղ ունե՞նք… Ես նախարարին հարց ուղղեցի այս հարցի հետ կապված, ասաց՝ գրավոր կպատասխանեմ… Ձեզ մոտ տպավորություն չլինի, թե մեր պատգամավորներից որևէ մեկը ցանկություն ունի ձեզ կամ ձեր որոշումը վնասել: Նման նպատակ չունենք: Եվ հետո, շատ երկրներ կան, որ այդ դեղերն առանց դեղատոմսով են վաճառում և ոչ մի խնդիր չկա: Դուք արգելելով վաճառքը՝ ստեղծել եք ստվերային հնարավորություններ»:

Փոխնախարարը վստահեցերեց, որ կուտակված ժամկետանց դեղերից ազատվելու որևէ նպատակ չի եղել՝ հավելելով, որ այդ դեղերը ոչնչացնելու հստակ մեխանիզմներ կան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ MAMUL.am-ն իր «Ի՞նչ է խոսում քաղաքը» բաժնում անդրադարձել էր այս հարցին: