Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 հունիսի, 2026 թ.

Մահացել է Ալբերտ Մկրտչյանը

1007
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ., 11:45
Մահացել է Ալբերտ Մկրտչյանը

«Այսօր առավոտյան մահացել է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը։ Երեկ նրա ծննդյան օրն էր», այս մասին տեղեկացրել է Հանրային ռադիոյի լրագրող Արմինե Գևորգյանը:

Ալբերտ Մկրտրչյանը ծնվել է 1937թ. փետրվարի 27-ին, Լենինականում: Դերասան Մհեր Մկրտչյանի եղբայրն է: 1960թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական, 1971թ.՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական բաժինները: 1960-66թթ եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971թ-ից՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1995-99թթ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 2003-15թթ՝ Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1980-2001թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (1995թ-ից՝ պրոֆեսոր), 2001թ-ից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում՝ «Հուշարձան» (1971թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ., ՀՀ Պետական մրցանակ), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ., երկուսն էլ՝ ՀՀ Պետական մրցանակ), «Ուրախ ավտոբուս» (2000թ., ՀՀ Պետական մրցանակ) և այլն: Թատրոնում բեմադրել է Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գ.Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» և այլ պիեսներ: 2000թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2007թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2003թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի:

Կյանքն ինչպես կա. Ալբերտ Մկրտչյան