Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Չժան Հայոուն կնվագի Մոցարտ

643
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ., 17:25
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Չժան Հայոուն կնվագի Մոցարտ

Փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի «Չժան Հայոուն նվագում է ՄՈՑԱՐՏ» խորագրով համերգը:

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Հայու Չժանը Չինաստանից:

Չնայած երիտասարդ տարիքին, դաշնակահար Հայու Չժանը լայն ճանաչում է ստացել Եվրոպական, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Հեռավոր Արեւելքի երաժշտական քննադատների և ունկնդիրների կողմից:
2018-2019 համերգաշրջանում, որպես մենակատար հրավերներ է ստացել ելույթներ ունենալու բազմաթիվ նվագախմբերի հետ, որոնց շարքում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը, Վորոնեժի սիմֆոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ռուսական Կամերային ֆիլհարմոնիկը, Բեռլինի Deutsches Kammerorchester-ը, NDR Radiophilharmonie-ը և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկը:
Համերգային գործունեությունից բացի, Հյուսիսային Գերմանիայում հիմնադրել է միջազգային երաժշտական Միջազգային Music Festival Buxtehude փառատոնը և վերջինիս երաժշտական ղեկավարն է: Զուգահեռ՝ վարպետության դասեր է տալիս Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Չինաստանի տարբեր համալսարաններում:

Հայու Չժանը դաշնամուրի առաջին դասերը ստացել է 9 տարեկանում: Երկու տարի անց 150 թեկնածուներից ընտրվել եւ ընդունվել է Պեկինի կենտրոնական կոնսերվատորիան, որն ավարտել է 2002-ին՝ շահելով մի շարք պատվավոր կոչումներ: 2011-ին ավարտել է Hochschule für Musik եւ Theater Hannover-ը՝ ուսանելով պրոֆեսոր Բերնդ Գյոտցեի մոտ: Նա դարձավ լեգենդար դաշնակահար Արթուրո Բենեդեթի Միքայելելիի վերջին աշակերտը, հայտնում է Մշակույթի նախարարությունը: