Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայտարարություն` Աշտարակի ավագանու նիստում տեղ գտած ապօրինության և քաղաքացիների ահաբեկման մասին». Լևոն Բարսեղյան

328
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 16:35
«Հայտարարություն` Աշտարակի ավագանու նիստում տեղ գտած ապօրինության և քաղաքացիների ահաբեկման մասին». Լևոն Բարսեղյան

Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայտարարություն՝ Աշտարակ համայնքի ավագանու նիստում տեղ գտած ապօրինության և քաղաքացիների ահաբեկման մասին՝ 26 սեպտեմբերի 2018թ.:

2018 թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի համայնքապետի աշխատասենյակում տեղի է ունեցել ավագանու հերթական նիստը, որին սկզբում ներկա է եղել ավագանու 15 անդամից 8-ը: Նիստը սկսվել է 7 րոպե ուշացումով և տևել է 28 րոպե: Նիստը նախագահել է Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը:

Օրակարգի 4-րդ հարցի քննարկման ընթացքում («...Համաձայնություն տալ Աշտարակի թիվ 2 «Արևիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Բելա Սաֆարյանին նշանակելու համայնքի ղեկավարի առաջարկությանը) ավագանու անդամ Աշոտ Հունանյանը լքել է նիստը, բացակայել 4-րդ, 5-րդ և 6-րդ հարցերի քննարկման և քվեարկությունների ընթացքում, ապա վերադարձել է քվեարկությունից հետո:

Այս հարցերի քննարկման և քվեարկության ժամանակ ավագանու վերոհիշյալ անդամի բացակայութան պատճառով քվորում չլինելու մասին համայնքի ղեկավար Թ.Շահվերդյանին տեղեկացրել է նիստում ներկա գտնվող Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող, Աշտարակի բնակիչ Նվարդ Բոցինյանը: Համայնքապետը չի արձագանքել այդ հայտարարությանը, իսկ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս.Սահակյանը պատասխանել է, թե ամեն ինչ ճիշտ է արվել: Ավագանու անդամներից մեկը կատակելով հայտարարել է, թե նիստերի դահլիճից դուրս եկած ավագանու անդամը իր համաձայնությունը վաղուց տվել է քննարկված թիվ 4, 5, 6 որոշումների ընդունմանը, և այդ պատճառով գնացել է:

Նիստի վերջում համայնքի ղեկավարը առաջարկել է արտահայտվել, թե ներկաներն ինչ խնդիրներ են տեսնում քաղաքում: Աշտարակի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի համակարգող Ն.Բոցինյանը կրկին հիշեցրել է, որ երեք որոշումների նախագծերը քննարկվել և ընդունվել են քվորումի բացակայության պայմաններում, ինչին Թ.Շահվերդյանը արձագանքել է, թե 13 հոգի տեսել է, որ 8 հոգին քվեարկել է, իսկ մի հոգին ստում է: Քաղաքապետը դիմելով Ն.Բոցինյանին, ասել է,-մենք բոլորս համախմբվել ենք, որպեսզի Աշտարակը դարձնենք լավ քաղաք: Ես քեզ էլ եմ ասում, աղջի, չփորձվեք համայնքապետարանի անվան հետ խաղալ:

Քաղաքապետը այս ելույթի ժամանակ նյարդայնացած մի քանի անգամ բռունցքով սեղանին է խփել, ավելացնելով.-Ես քեզ էլ եմ ասում, եղբորդ էլ եմ ասում, մի քանի ծրագիր անելու համար մեզ խայտառակում եք, եթե համարձակվեք ինչ-որ բան անել, շատ կփոշմանեք, ես հետո կասեմ, թե ով ով է ու վերջում ձեզ լավ չեք զգա, ու դա ես հաստատ եմ ասում:

Ավագանու անդամներ Կարեն Շահազիզյանը և Արմեն Սարգսյան փորձել են սաստել համայնքապետին: Կ.Շահազիզյանը բռնել է համայնքապետի ձեռքը, իսկ Ա.Սարգսյանը մի քանի անգամ բղավել է.-Հերիք է:-Քաղաքապետը մի քանի անգամ սպառնալիքներ է տեղացել Աշտարակի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի համակարգողի, նրա եղբոր և կենտրոնի հասցեին:

Այնուհետ վիճաբանության ընթացքում համայնքապետը, չընդունելով իր թույլ տված սխալները, բավականին էմոցիոնալ ձևով դուրս է հրավիրել Նվարդ Բոցինյանին և Լիանա Հակոբյանին, վերջում համայքապետարանի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ Շանթ Վահանյանը հրահանգել է «դուրս քշել սրանց»: Վահանյանին միացել է նաև աշխատակազմի ղեկավար Սամվել Սահակյանը:

Նվարդ Բոցինյանը և Լիանա Հակոբյանը ստիպված են եղել հեռանալ:

Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հիմնադիր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Աշտարակի, Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Հրազդանի, Գավառի, Արմավիրի, Արտաշատի, Եղեգնաձորի և Կապանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնները խստորեն դատապարտում են Աշտարակի քաղաքապետի, որոշ աշխատակիցների վարքը և ավագանու նիստում թույլ տրված ապօրինությունները:

Այս հայտարարությամբ.

1. Դիմում ենք ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով հետաքննել տեղի ունեցած միջադեպը:

2. Դիմում ենք Արագածոտնի մարզպետարանին և ՀՀ արդարադատության նախարարությանը, պահանջելով ուսումնասիրել 2018 թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Աշտարակի ավագանու նիստի ընթացքում կայացված որոշումների օրինականությունը, տալ իրավական գնահատական առանց քվորումի որոշումների կայացման պրակտիկային և բեկանել օրակարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ հարցերով կայացված որոշումները:

3. Աշտարակի քաղաքապետից պահանջում ենք անհապաղ հրապարակավ ներողություն խնդրել ամբարտավան վարքի համար, իսկ հետագայում զերծ մնալ ապօրինություններից և քաղաքացիներին սպառնալուց: Խորհուրդ ենք տալիս հասկանալ և մտապահել, որ Հայաստանում անպատժելիության և ամենաթողության ժամանակներն անցել են: Քաղաքապետը պարտավոր է անհավանական ջանքեր ներդնել և հասկանալ նաև, որ ավագանու նիստը համայնքային իշխանության իրականացման գործընթաց է և այն ապականելը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև վտանգավոր:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Աշտարակի, Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Հրազդանի, Գավառի, Արմավիրի, Արտաշատի, Եղեգնաձորի և Կապանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոններ»: