Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.

Ալիևին անհանգստացնում է Հայաստանի իշխանափոխությունը. BBC

985
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 12:15
Ալիևին անհանգստացնում է Հայաստանի իշխանափոխությունը. BBC

BBC-ի ռուսական ծառայությունն Ադրբեջան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր կատարելիք այցին ընդառաջ հոդված է հրապարակել՝ նախ նշելով այցի նպատակը, որն է՝ հիշեցնել Ռուսաստանի առաջատար խաղացողի դերը տարածաշրջանում և այն, որ Ռուսաստանի կարծիքի հետ հարկ է հաշվի նստել:

Այդ առումով, ինչպես գրում է BBC-ն, Մոսկվայի դիրքորոշումը զգալիորեն տուժել է շարունակվող միջազգային պատժամիջոցների և Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով:

«Ադրբեջանից ընդհանուր արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 10%, դրա մեջ է մտնում գյուղմթերքի 70%-ը, և այդ պատճառով կա տնտեսական կախում: Ռուսաստանը հաճախ է օգտագործել տնտեսական լծակներն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար»,- կարծիք է հայտնել ադրբեջանցի տնտեսագետ, ընդդիմադիր գործիչ Նաթիկ Ջաֆարլին:

BBC-ն հիշեցնում է, որ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը պաշտոնապես կազմում է ավելի քան կես միլիոն մարդ: ՌԴ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջան տարեկան 1,2 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ են կատարվում Ռուսաստանից:

«Եվ, իհարկե, մնում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ռուսաստանը կարող է առավել ակտիվ աջակցել Հայաստանին՝ ինչպես Ադրբեջանի վրա ճնշումն ուժգնացնելու, այնպես էլ Հայաստանի նոր ղեկավարության հետ առավել սերտ կապեր հաստատելու համար: Ռուսաստանին Կովկասում հերթական հակամարտություն բացարձակ անհրաժեշտ չէ»,- գրում է BBC-ն:

Հոդվածում ասվում է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար մեծ անհանգստության առիթ է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, այդ թվում այն պատճառով, որ Մոսկվան այդ գործընթացին չի միջամտել: «Պուտինն Ալիևին կարող է աջակցություն խոստանալ՝ ընդդիմության դեմ պայքարում, չնայած նրան, որ այդ ճակատում նրա հնարավորությունները սահմանափակ են՝ բացառությամբ Բաքու տանկեր մտցնելուց»,- եզրափակում է պարբերականը: