Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Երևանի օպերային թատրոնը Քուվեյթում առաջին անգամ կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը»

585
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 19:05
Երևանի օպերային թատրոնը Քուվեյթում առաջին անգամ կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը»

Երևանի Օպերային թատրոնը Քուվեյթում կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը», հանճարեղ մի ստեղծագործություն, որը Քուվեյթի պատմության մեջ բեմ կբարձրանա առաջին անգամ։ «Կախարդական սրինգը» Քուվեյթի Օպերային տանը կներկայացվի ս․թ․ սեպտեմբերի 27-ին և 28-ին՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Բացի այդ, սեպտեմբերի 29-ին՝ Քուվեյթի սրտում տեղակայված Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնում, տեղի կունենա գալա համերգ։ Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի համալիրը Միջին Արևելքի խոշորագույն մշակութային կենտրոնն ու օպերային թատրոնն է։ «Մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է ներկայացնել «Կախարդական սրինգը» Քուվեյթի օպերային թատրոնում, այլև առանձնահատուկ հնարավորություն հանդես գալ Քուվեյթի հազարավոր խորն ու գնահատող ունկնդիրների առաջ: Այսօր, երբ մենք շարունակում ենք մեր միջազգային շրջագայությունը, ես, ինչպես և մեր հրաշալի մենակատարները, երաժիշտները, երգչախումբն ու ողջ անձնակազմը, իսկապես հուզմունքով ենք սպասում կիսելու օպերայի կախարդանքը Քուվեյթի փառահեղ օպերային թատրոնում»,- ասում է Օրբելյանը։ Մաեստրո Օրբելյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին, ինչպես նաև Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնի ղեկավարությանը՝ Քուվեյթում իրենց առաջիկա ներկայացումների իրականացման գործում անգնահատելի աջակցության համար։ Քուվեյթում «Կախարդական սրինգի» ներկայացումը պատմական համերգային շարքի շարունակությունն է, որը մեկնարկել էր Դուբայում։