Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ամեն ինչ կանենք՝ հայկական բռնցքամարտի ավանդույթները վերականգնելու համար». Հովհաննես Հովսեփյան

909
Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 23:55
«Ամեն ինչ կանենք՝ հայկական բռնցքամարտի ավանդույթները վերականգնելու համար». Հովհաննես Հովսեփյան

Այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա հասարակական կազմակերպության ժողովից հետո ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովսեփյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց ՀԿ ստեղծելու պատճառների մասին. «Մարզիչների և մարզիկների մեծամասնությունը համաձայն չէր օգոստոսի 2-ին կայացած ընտրությունների արդյունքների հետ, իսկ որպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա գործող հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանը չի ցանկացել լսել նրանց դժգոհությունները։ Հիմա այս մարդկանց չենք կարող առանց ուշադրության թողնել։ Մենք 12 հոգով նստել, մտածել և որոշել ենք հիմնադրել նոր ֆեդերացիա և նոր էջից սկսել ամեն ինչ։

Ներկայիս ֆեդերացիայում հիմա այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ այդ մթնոլորտում շատ բարդ է աշխատել։ Խնդիրները շատ են, այդ պատճառով պետք է ամեն ինչ անենք, որ մեր ֆեդերացիայում լուծենք դրանք, նախորդների սխալները չկրկնենք»։

Խոսելով հիմնական կետերի մասին, որոնք առաջին հերթին պետք է իրագործի նորաստեղծ ֆեդերացիան՝ Հովսեփյանը նշեց. «Նախ պետք է լուծենք մրցավարության հետ կապված խնդիրները։ Հաջորդ քայլը ֆեդերացիայի անդամների ֆինանսական խնդիրների լուծումն է։ Երրորդն ավտոբուս ձեռք բերելն է, որով մարզիկները կմեկնեն հավաքների և մրցումների։ Մենք պետք է խնդիրները լուծենք ըստ հերթականության։ Մարզիչների և մարզիկների հետ քննարկում ունեցել ենք, իրենց խնդիրները լսել ենք և պետք է լուծենք դրանք»։

Խոսելով Ռաֆայել Մեհրաբյանի՝ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հավանականության մասին՝ Հովսեփյանը նշեց.

«Մենք գլխավոր մարզչի պաշտոնում պատրաստ ենք տեսնել յուրաքանչյուրին, ում թեկնածությունը կհաստատի խորհուրդը։ Իհարկե, ընկեր Մեհրաբյանի պրոֆեսիոնալության վերաբերյալ որևէ կասկած չկա, բայց դա պետք է որոշի խորհուրդը, ոչ թե միայն ես։ Ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորինս շուտ ձևավորենք մարզչական և բժշկական շտաբը, քանի որ քիչ ժամանակ է մնացել մինչ Տոկիոյի օլիմպիական խաղերը։ Ամեն ինչ կանենք՝ հայկական բռնցքամարտի ավանդույթները վերականգնելու համար»։

Խոսելով պրոֆեսիոնալ բռցնքամարտի մասին՝ Հովսեփյանը նշեց. «Բռնցքամարտիկի՝ սիրողականից չսկսելով միանգամից պրոֆեսիոնալ ռինգում հայտնվելու նախադեպ չունենք։ Թող սիրողականից սկսի, հետո կմտածենք։ Եթե մարզիկը ցանկանում է աճել, ինչու ոչ։ Համատեղ որոշում կկայացնենք։ Բայց հիմա ինձ հետաքրքրում է սիրողական բռնցքամարտը, որը և ցանկանում եմ զարգացնել»։

Անդրադառնալով Տոկիո-2020-ին՝ Հովսեփյանը նշեց, որ «Պետք է ամեն ինչ անենք, որ օլիմպիական ցիկլում նախ վարկանիշ ձեռք բերենք, որ գնանք օլիմպիական խաղեր, և հետո էլ, Աստծո օգնությամբ, մեդալներ նվաճենք այնտեղ»։

Կատարինե Այդինյան