Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արամ Խաչատրյանի 115 և Երևանի 2800-ամյակներին նվիրված համերգ՝ Հռոմի օպերային թատրոնում

684
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 21:10
Արամ Խաչատրյանի 115 և Երևանի 2800-ամյակներին նվիրված համերգ՝ Հռոմի օպերային թատրոնում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տեղեկացնում է, որ Հռոմի օպերային թատրոնում հայկական երաժշտությունն ընդունվել է ջերմ ծափահարություններով։ Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցրել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։

Համերգից առաջ հանդիսատեսին իր խոսքն է ուղղել Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։ Նա կարևորել է հայ-իտալական հարաբերությունները, դրանց կայուն զարգացումը, մշակութային կապերը։ Երեկոն մեկնարկել է Հայաստանի և Իտալիայի օրհներգներով։ Համերգին ներկա էին Իտալիայում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ջութակահար Հայկ Կազազյանը կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտի առաջին մասը, իսկ դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ «Սարերի հովին մեռնեմ» և «Վաղարշապատի պար» հայկական ժողովրդական ստեղծագործությունները։ Հայկ Կազազյանն ու Կամո Սեյրանյանն անակնկալ էին պատրաստել ունկնդրի համար. երաժիշտները դուետով նվագել են Կոմիտասի «Կռունկը», որն անասելի տպավորություն է թողել ներկաների վրա, ինչի վկայությունն անդադար ծափահարություններն էին։

Համերգը եզրափակվել է Խաչատրյանի «Լեզգինկայով» և «Սուսերով պարով»։ Հռոմի օպերայի լեփ-լեցուն դահլիճը, տպավորված հայկական երաժշտությամբ, չէր հեռանում՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին բազմիցս հրավիրելով բեմ՝ խնդրելով ներկայացնել նորանոր ստեղծագործություններ։

Հիշեցնենք, որ համերգը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։