Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բերդի և հարակից համայնքների 6 դպրոցներում ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներ են բացվել

1021
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 21:45
Բերդի և հարակից համայնքների 6 դպրոցներում ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներ են բացվել

Այսօր Բերդ քաղաքի թիվ 3, ինչպես նաև Պառավաքար, Տավուշ, Այգեձոր, Արծվաբերդ և Մովսես գյուղերի դպրոցներում պաշտոնապես բացվել են վերանորոգված, տեխնիկապես վերազինված ու նոր կահույքով հագեցած ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաները։

Լաբորատորիաների աշխատանքային սարքերն ու նյութերը, սենյակների կահույքը, ինչպես նաև վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութը տրամադրվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում։

Դասապրոցեսը լաբորատորիաներում լիարժեք անցկացնելու համար բոլոր դպրոցների քիմիայի և ֆիզիկայի ուսուցիչները վերապատրաստում են անցել մինչ 2018-19 ուսումնական տարվա մեկնարկը։ Վերապատրաստման դասընթաները վարել են, ինչպես նաև ուսուցիչներին սարքավորումների տեխնիկական հնարավորություններին ու օգտագործման պայմաններին են ծանոթացրել գիտությունների թեկնածուներ Բաբկեն Բայաթյանն ու Պողոս Գաբրիելյանը, ովքեր միևնույն ժամանակ հավաքածուների և սարքերի հեղինակներն են։

ՀՕՖ-ի Կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը լաբորատորիաների պաշտոնական բացման արարողության ընթացքում նշել է, որ դրանք կօգնեն հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ, իսկ դասավանդող ուսուցիչներին էլ հնարավորություն կտա պրակտիկ պարապմունքների միջոցով ամրապնդել փոխանցվող գիտելիքները։

«Բնագիտական առարկաների լիարժեք դասավանդման համար հանրակրթական, հատկապես, մարզային դպրոցների նյութատեխնիկական բազան թերհագեցած է։ Այս առարկաների միայն տեսական դասավանդմամբ հազիվ թե լավ հիմքեր ստեղծվեն բուհեր ընդունվողների համար: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ բնագիտական առարկաների գծով բուհ ընդունվողների քանակը կատաստրոֆիկ նվազել է։ Հետևաբար, գիտության զարգացումը այս ուղղությամբ վաղ թե ուշ տուժելու է անհրաժեշտ մասնագետների պակասի հետևանքով»,- հավելել է Կարապետյանը՝ բոլոր դպրոցների աշակերտներին հաջող ուսումնական տարի մաղթելով։

***

«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը (ԱՀՏՄ) մեկնարկել է 2013 թվականին։ Այն մեծ ուշադրություն է դարձնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 16 համայնքներում կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը։ Ծրագրի աջակիցն ու հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է։