Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

ՀՀ օմբուդսմենը Լիլիի և Հովիկի հարցով հեռախոսազրույց է ունեցել հոլանդացի գործընկերոջ հետ

166
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 17:40
ՀՀ օմբուդսմենը Լիլիի և Հովիկի հարցով հեռախոսազրույց է ունեցել հոլանդացի գործընկերոջ հետ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկանում ենք, որ Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։ Նիդերլանդների օմբուդսմանը տեղեկացրել է, որ կոնկրետ իրավիճակում երեխաների լավագույն շահը հաշվի առնելով՝ արտաքսման որոշումը չեղարկվել է․ Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում։ Արման Թաթոյանին փոխանցվել է նաև, որ այս պահին փորձում են ճշտել որոշման չեղարկման հիմքերը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հեռախոսազրույցի ժամանակ Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեսզի կարողանա մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և նրանց իրավունքների ապահովման հարցերը։