Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.

Չհայտարարված այց «Հրազդան» ՔԿՀ-ում. արձանագրվել են մի շարք խնդիրներ

120
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 12:20
Չհայտարարված այց «Հրազդան» ՔԿՀ-ում. արձանագրվել են մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:

Քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝

· բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը,

· բժշկական թափոնների խոտանմանը,

· արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը,

· քրեակատարողական հիմնարկում հաստիքների և անձնակազմի ոչ բավարար քանակին,

· քրեակատարողական ծառայողների աշխատանքային անբավարար պայմաններին,

· ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը,

· զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերին և այլն:

Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն իրավասու պետական մարմնին:

Մշտադիտարկման ընթացքում Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չի ստեղծել:

Բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կգտնվեն Պաշտպանի ուշադրության կենտրոնում: