Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.

«Չի կարող զարգանալ այն հասարակությունը, որտեղ հարգանք չկա երիտասարդ մոր նկատմամբ». Անուշ Ալեքսանյան

92
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 00:10
«Չի կարող զարգանալ այն հասարակությունը, որտեղ հարգանք չկա երիտասարդ մոր նկատմամբ». Անուշ Ալեքսանյան

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի՛ տատիկներ
Մի փոքր ուշադրություն եմ խնդրում, քանի որ հաճախ ձեր ձեռքերում է երիտասարդ ընտանիքի հոգեկան առողջությունը: Ուշադրություն դարձրեք մի քանի կանոնի, եթե ցանկանում եք օգնել այլ ոչ թե խանգարել:
*Երիտասարդ մայրիկը երեխայի խնամքի մեջ աջակցության կարիք չունի, նրան պետք է աջակցել միայն այն բոլոր գործերում, որոնք ինքը չի հասցնում անել երեխայի խնամքով զբաղվելու պատճառով:
*Երիտասարդ մայրիկին պետք է թույլ տալ, որ ինքը դիմի այն հարցերում, որոնցում աջակցության կարիք ունի:
*Թույլ տվեք նրան մենակ մնալ իր նորածնի հետ և հասկանալ նրա լեզուն, հասկանալ նրա կարիքներն ու զգալ սեփականը:
*Լռություն և խաղաղություն ապահովեք տանը, եթե դա հնարավոր է, բոլոր բարեկամներին ու հարազատներին պետք չէ հրավիրել նորածնին տեսնելու, մայրը դրա համար բավարար ուժ և էներգիա չունի: Իր ուժերն անհրաժեշտ են անքուն գիշերների և լուրջ պատասխանատվության համար:
*Մի շեշտեք՝ մենք էլ ենք մայր եղել, լավ գիտենք ինչ ինչոց է: Յուրաքանչյուր մայր ուրովի է ապրում իր փորձը և յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է: Բայց եթե անկեղծ, այս արտահայտությունը միշտ լսել եմ հեգնանքով ասելիս, մի ասեք էդպես, դա փշրում է մոր ներսում ձեր նկատմամբ վստահությունը:
*Պարբերաբար նշեք, որ հասկանում եք որքան դժվար է, բայց վստահ եք, որ ինքը կհաղթահարի այդ դժվարությունը, որովհետև ինքը բնությունից ունի բոլոր ուժերը դիմանալու այդ ամենին: Ինչպես նաև ձեր վարքով ցույց տվեք, որ իր կողքին եք: Բայց երբեք մի փաթաթեք ձեր օգնությունը նրա վզին:
*Երբեք չի կարելի խլել երեխային մայրիկի ձեռքից, որևէ անհետաձգելի նպատակով, երեխան ամենաապահովն իր մայրիկի գրկում է: Բացի դա, մայրը ֆիզիկապես կարիք ունի երեխային իր գրկում պահելու: Թող մշտապես իրար գրկած լինեն, դա ճիշտ է: (Ես մինչ օրս մամայիս գրկելուց չեմ կշտանում:)
*Պետք է մայրիկին օգնել միայն գովեստով և խրախուսանքով, ամեն հարցում շեշտելով, որ իր մոտ ամեն բան հրաշալի է ստացվում: Վահանի նման եղեք երիտասարդ մայրիկի համար, պաշտպանեք նրան բոլոր վնասակար ազդեցություններից, անտակտ բարեկամներից, անտեղի խորհուրդներից, անհեթեթ միջամտություններից: Թողեք, որ մայրը միայն իր բալիկով զբաղվի:
*Երբեք չի կարելի ասել, որ դու չե՛ս կարող, տու՛ր ինձ, ե՛ս կանեմ: Վստահ ասում եմ, որ մայրը կարող է միշտ խնամել իր երեխային, նման արտահայտություն անող տատիկը գրագետ չէ:
*Եթե եկել եք օգնելու, ապա օգնեք տան գործերում, հարցրեք երիտասարդ մայրիկին, թե ինչի կարիք ունի, պատրաստեք համեղ ճաշ, երեխային հետևեք այն ժամանակ, երբ մայրիկն ուզում է լոգանք ընդունել կամ խնդրում է ձեզ այդ մասին:
*Մի հրամայեք և մի ասեք, որ դուք փորձառու եք և ամեն ինչ գիտեք: Յուրաքանչյուրի փորձը ինքնատիպ է, և հնարավոր չէ կիրառել բոլոր դեպքերում: Բացի դա, ձեր գործն է աջակցելու, որ նորաթուխ մայրիկն էլ փորձ ձեռքբերի:
*Մի հրամայեք ննջարանի դուռը չփակել, որ դուք լսեք երեխայի լացի ձայնը, որ հասցնեք վազել օգնության: Թույլ տվեք, որ մայրիկին օգնի նորաթուխ հայրիկը և իրապես ստանձնի հոր դերը: Բացի դա, ննջարանի դուռը չփակելը պարզապես բռնություն է երիտասարդ մարդկանց նկատմամբ, անգամ նոր ծննդաբերած զույգը ևս զույգ է և ունի սեռաան կյանք: Դա նրանց վերահսկելու ամենատարածված մեթոդներից է, որ կիրառվում է մեզանում: Բավ է, եկեք դադարենք այսպես վարվել:
*Մի միջամտեք երեխայի կերակրման գործընթացին, մայրն իրավունք ունի որոշելու, թե որքան է պատրաստ կերակրել իր երեխային: Օգնեք, եթե կարող եք, իսկ ավելի լավ է կկ մասնագետի դիմեք, եթե հարցեր ունեք:
*Մի ասեք՝ ջա՜ն, երբ երեխան ասում է մամա՛, երեխան ձեզ չի դիմում, թույլ տվեք մայրիկին վայելել իր մայրությունը:
*Մի քննադատեք ու մի վատաբանեք մորը իր երեխայի ներկայությամբ, դա շատ անքաղաքավարի է, անկախ նրանից, թե ով է իսկապես ճիշտ: Մայրն իրավունք ունի սխալվելու:
*Օգնեք երիտասարդ ծնողներին ստանձնել իրենց դերը, կայանալ որպես ծնողներ: Հաշվի առեք նրանց խոսքը, ցույց տվեք հարգանք այդ խոսքի նկատմամբ:
*Դուք անշուշտ փորձառու եք և անգնահատելի օգնություն կլինի, եթե հարցնեք, թե ինչ կարող եք անել, և ինչով կուզենան, որ օգնեք, ինչպես նաև առաջարկեք տարբերակներ, եթե ձեզ դիմում են օգնության համար:
*Մի վիրավորվեք, երբ ձեզ չեն դիմում, դա նշանակում է, որ ծնողները ուզում են ինքնուրույն կայանալ, դուք միայն սիրողի և վայելողի դերը ստանձնեք, դա անչափ հաճելի է:
*Օգնեք մայրիկին այնքան, որ հայրիկի համար անելու բաներ մնան: Հայրերին պետք է ներգրավել երեխայի դաստիարակության պրոցեսում:
*Իսկ եթե, առհասարակ ցանկություն չունեք օգնելու, ապա վստահ եղեք, որ դուք դրա իրավունքն ունեք, պարզապես մի արեք որևէ բան, որը չեք ուզում և մի միջամտեք: Երիտասարդները լիարժեք կանեն այդ գործն առանց որևէ մեկի մասնակցության:
*Հետծննդյան դեպրեսիայի պատճառներից մեկը ընտանեկան անբարենպաստ մթնոլորտն է, երեխայի և մոր հուզական և ֆիզիկական կապի ձևավորման մեջ խոչընդոտները, անհարգալից վերաբերմունքը մոր նկատմամբ, հետծննդաբերական սթրեսը»: