Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հավաք-հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ

130
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 00:00
Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հավաք-հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ

Սեպտեմբերի 12-ի երեկոյան, ժամը 19:30-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հայաստան» կինոթատրոնի առջև հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ:

Զարուհի Փոստանջյանը, ներկայացնելով նախընտրական Ծրագիրը, որպես առաջնային կարևորություն շեշտադրեց օրենքի և արդարության գերակայության սկզբունքների հիման վրա բաց և թափանցիկ կառավարումը: «Երկիր Ծիրանի»-ի նախագահը նշեց, որ գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին՝ ասելով, որ ինքը երրորդ սերունդն է, որ ծնվել է Երևանում, իր պապերը գաղթել են Արևմտյան Հայաստանից և առաջիններից էին, որ հիմնադրեցին Արաբկիր համայնքը:

Երևանն այսօր ունի 12 վարչական շրջան, որոնցում առկա են հիմնականում նույն խնդիրները՝ պահանջելով համալիր լուծումներ: Մալաթիա Սեբաստիա համայնքի կարևոր խնդիրներից են բարձրահարկ շենքերի շքամուտքերի վերանորոգումը, վերելակների մաշվածությունը, որի վերաբերյալ Երևանի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ կուսակցության Ծրագրով նախատեսվում է վերելակաշինության գործարանի կառուցում, որը կապահովի ողջ հանրապետության պահանջարկը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Երևանում գործող Նուբարաշենի աղբավայրում (շուրջ 50 հա) և Աջափնյակի աղբավայրում (շուրջ 10 հա) կուտակվել է միլիոնավոր տոնաններով աղբ, և ընդգծեց, որ աշխարհում այսօր աղբից ստանում են եկամուտներ, և մենք նույնպես կարող ենք աղբի վերամշակումից ստանալ եկամուտներ՝ էներգիա և ապրանքներ, ինչի համար կառուցվելու է աղբամշակման գործարան՝ նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների ներգրավմամբ:

Անդրադառնալով տրանսպորտի հիմնախնդրին՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ ներդրվելու է մեկ ինտեգրված միասնական տրանսպորտի և մեկ տոմսային համակարգ, որի հետ միասին՝ Աջափնյակ համայնքում բացվելու են մետրոյի կայարաններ, ինչպես նաև՝ Օպերայի (Կարապի լճի) հարակից տարածքից դեպի Երիտասարդական մետրոյի կայարան գնացող մուտքի բացումը և Արշակունյանց պողոտայի հարեւանությամբ նոր կայարանի բացումը կբարելավվեն տրանսպորտի և երթևեկության վիճակը:

«Երկիր Ծիրանի»-ի նախագահը կարևորեց նաև մայրաքաղաքի փողոցների և մայթերի բարեկարգման, լայնածավալ ոռոգման ցանցի ստեղծման և դրա շնորհիվ՝ կանաչ տարածքների ավելացման, գերեզմանատների, հանրային զուգարանների ստեղծման, զբոսաշրջության խթանման խնդիրներին, գույքահարկի անարդար հավաքագրմանը: Զարուհի Փոստանջյանը կարևորեց կուսակցության նախընտրական Ծրագրով նախատեսված այլ՝ «Երևան» հեռուստաընկերության հիմնումը (որը կներկայացնի կրթական և մշակութային հաղորդումներ), քաղաքացիների համար հասանելի առողջապահությունը, որակյալ հանրակրթության զարգացումը և այլն: