Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ հայտարարած անձանց

270
Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 14:30
Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ հայտարարած անձանց

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների, ինչպես նաև մոնիտորինգային ուսումնասիրությունների հիման վրա չհայտարարված այցեր են իրականացվել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ:

Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Մի շարք դատապարտյալներ բարձրացրել են իրենց նկատմամբ խրախուսանքի միջոցներ չկիրառելու խնդիրը, որը խոչընդոտում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուն։ Այս հարցին կդարձվի առանձին ուշադրություն։

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ հայտարարած անձանց: Ուսումնասիրվել են նրանց բուժօգնությանն առնչվող հարցերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին:

«Վարդաշեն» ՔԿՀ-ում որոշ դատապարտյալներ առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգություններ են բարձրացրել: Ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ առողջական փաստաթղթերը, ինչպես նաև բարձրացվել է լրացուցիչ բժշկական խորհրդատվություններ կազմակերպելու հարց: Խնդիր է բարձրացվել է նաև՝ կապված տեսակցությունների վրա արգելանք կիրառելու հետ: Կալանավորվածներից մեկի պնդմամբ՝ գործը քննող մարմնի կիրառած արգելանքի պատճառով շուրջ մեկ տարի չի կարողանում տեսնել ընտանիքին։ Այս հարցը կդառնա քննարկման առարկա։

Ընդհանրապես, մերձավոր ազգականների ու հատկապես ընտանիքի հետ տեսակցությունների արգելման խնդիրն ունի համակարգային բնույթ. այն չի համապատասխանում միջազգային պահանջներին և ենթակա է սկզբունքային փոփոխության։ Դրա լուծման նպատակով է Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել օրենսդրական փոփոխություններ, որոնց ընդունումը հրատապ է։ Արդարադատության նախարարության հետ այս հարցով ներկայում ընթանում է համատեղ աշխատանք։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձին: Ստուգվել են մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը, առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը: Կալանավորվածի բողոքը վերաբերել է բացառապես իրեն առաջադրված մեղադրանքին ու քննությանը: