Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Բայց իմ ծնունդն այս աշխարհում դժվար եղավ անասելի». այսօր Վահագն Դավթյանի ծննդյան օրն է

881
Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 12:35
«Բայց իմ ծնունդն այս աշխարհում դժվար եղավ անասելի». այսօր Վահագն Դավթյանի ծննդյան օրն է

Բայց իմ ծնունդն այս աշխարհում
Դժվար եղավ անասելի:
Բայց իմ ծնունդն այս աշխարհում
Հրաշք եղավ,
Հեքիաթ եղավ չհնարված:
Մի սև ոճիր՝ մարդու կերպար ու տեսք առած
Ու ձեռքի մեջ առած ահեղ մի յաթաղան,
Բարձրացել էր, որ աշխարհում
Հայ մանուկներ աշխարհ չգան,
Բարձրացել էր, որ չծնվեմ,
Բայց ծնվեցի...

Այսօր հայ բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան օրն է:

Սիրված բանաստեղծը ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), օգոստոսի 15-ին, որր ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ: 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 30-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով,1932-ին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ է միանում իրենց:

Վահագն Դավթյանի հուշարձանը Արաբկիրում, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան
Վահագն Դավթյանի հուշարձանը Արաբկիրում, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։

«Վահագն Դավթյանը բազմաշնորհ բանաստեղծ է, նրա բանաստեղծությունները միջնադարյան մեր երգերի խորությունն ունեն և արևմտահայ պոեզիայի շքեղությունը, պոետական կուլտուրան բարձր է, տեխնիկապես կուռ է, հողի բույր ունի, բայց և եթերային է...»,- գրողի մասին ասել է Ավետիք Իսահակյանը:

Բնութագելով ինքն իրեն Վ. Դավթյանն ասել է. «... Իմ շրջապատում այն կարծիքը կա, որ ես առհասարակ համեստ մարդ եմ, բայց պիտի հիասթափեցնեմ՝ այդպես մտածողներին և ասեմ՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում գեղարվեստական գործ գրելու համար, արդեն իսկ համեստ չէ: Եվ ավելին՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում հայ բազմադարյան ու զարմանալի պոեզիայի մեջ խոսք ասելու, առավել ևս համեստ չէ: Իսկ եթե ես այնուամենայնիվ համեստ մարդու տպավորություն եմ թողնում, ապա դա պարզապես նրանից է, որ լավ գիտեմ, թե ինչ է եղել ինձանից առաջ»:

Վահագն Դավթյանը մահացել է 1996թ փետրվարի 21-ին Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Վահագն Դավթյանի գերեզմանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Վահագն Դավթյանի գերեզմանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում