Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Միջազգային մամուլի անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին

389
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 23:05
Միջազգային մամուլի անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին

Վերջին երկու օրերին Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները չեն վրիպել միջազգային մամուլի ուշադրությունից: BBC-ի ռուսական ծառայությունը գրել է. «Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատումը անսպասելի էր ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս:

Քոչարյանի պաշտպանությունը դատարանի որոշումը բացատրում է նախագահի անձեռնմխելիությամբ, սակայն շատերը դատարանի որոշումը կապում են Հայաստանի դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի դժգոհությունը մեղմելու ցանկության հետ»:

Գերմանական Deutsche Welle-ն ևս անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին. «Հայաստանի նախկին նախագահը ազատ է արձակվել կալանքից, սակայն նրա վրայից մեղադրանքները չեն հանվել: Դատարանը հիմնվել է Քոչարյանի՝ որպես երկրի նախկին նախագահ անձեռնմխելի անձ լինելու հանգամանքի վրա»:

Ռուսական Независимая газета-ն էլ գրում է. «Քաղաքացիական ակտիվիստները խոչընդոտել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ այսօր կեսօրին երևանյան հյուրանոցներից մեկում նշանակված մամուլի ասուլիսը: Առավոտից նրանք ակցիա են իրականացրել հյուրանոցի առջև, իսկ ասուլիսի նշանակված ժամին ներխուժել են 9-րդ հարկում գտնվող դահլիճը: Ակցիայի մասնակիցները ցմահ ազատազրկում են պահանջել Քոչարյանի համար: Ակտիվիստներից մեկը ընդգծել է. «Մենք բոլորս Մարտի մեկի զոհերն են: Հայաստանում ապրում են ազատ, անկախ քաղաքացիներ, որոնք պատրաստ են ցանկացած պահի դառնալ արդարության գործընթաց վերականգման գործընթացի մասնակիցներ: Մենք չենք հանդուրժի անարդարություն, իրավապահներն իրենց արդարությունն են պահանջում, քաղաքացիներն՝ իրենց»»:

Kommersant.ru-ն ևս անդրադարձել է այսօրվա իրադարձություններին՝ մեջբերելով ակցիայի մասնակիցներից մեկի՝ Կարեն Թովմասյանի խոսքը. «Մենք նախատեսում ենք նաև հետագայում նման կերպ մեր վերաբերմունքն արտահայտել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ»:

Ասուլիսի տապալումը լուսաբանել են նաև RIA.ru-ն, AIF.ru-ն, Interfax-ը, MK.ru-ն և այլ լրատվամիջոցներ: