Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Կուզեի` իշխանական «աշխարհը» շատ մտահոգ լիներ ազգի խնդրով». այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

512
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 14:25
«Կուզեի` իշխանական «աշխարհը» շատ մտահոգ լիներ ազգի խնդրով». այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

«Այսօր Հայաստանում հնարավոր չէ դերասան լինել, որովհետև դերասանական արվեստ չկա մեր երկրում: Ուղղակի ես չեմ կարող հրաժարվել ինքս ինձանից, իմ անցած ճանապարհից, և պետք է շարունակեմ լինել դերասան: Բայց ցավով հասկանում եմ, որ մեր ժողովուրդը հեռացել է թատրոնից, ես էլ մյուս դերասանների հետ դարձել եմ նրա համար օտար: Ու հիմա, երբ հանդիպում եմ հին հանդիսատեսին, իմ հանդիսատեսն ուժ է տալիս ինձ, որ հասկանամ ու ինքս ինձ ասեմ՝ պետք է լինել, պետք է շարունակել, պետք է պաշտպանել այն, ինչ արդեն ձեռք ես բերել: Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ»,- իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943-ի օգոստոսի 13-ին՝ Երևանում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Աշխատել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական և Մետրո թատրոններում, այնուհետև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Երջանկության մեխանիկա», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ», «Ուրախ ավտոբուս», «Համր վկան» և այլն:

Մի առիթով խոսելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական վիճակի մասին, Ազատ Գասպարյանն ասել է. «Հայն այսօր ներքին և արտաքին խաղաղություն չունի, դժբախտ տարածաշրջան է մեզ համար, չորս կողմից միշտ եղել են այս բորենիները, գայլերը, վհուկները: Մենք, ցավոք սրտի, չկարողացանք խաղաղ ապրել: Կուզեի՝ քաղաքական և իշխանական «աշխարհը» շատ մտահոգ լիներ ազգի խնդրով: Իշխանության և ժողովրդի միջև կապը կարծես կտրվել է, հենց այդ կապը պետք է վերականգնվի»:

Սիրված դերասանը մահացել է 2013-ի օգոստոսի 2-ին: