Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Վանաձորում

572
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 10:45
Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Վանաձորում

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանում:

«Քըրք Քըրքորյանը շատ սիրված էր հայ ժողովրդի կողմից: Քըրքորյանի նման մարդիկ մենք շատ քիչ ենք ունեցել: Նա իր բնույթով շատ համեստ մարդ էր, և իրեն երբեք չի գովազդել: Մեր ժողովուրդն այդքան էլ լավ չի ճանաչում նրան: Սակայն այս գիրքը կարդալով մարդիկ կհասկանան, կտեսնեն, թե իսկապես ո՞վ է եղել Քըրքորյանն ու ի՞նչ է արել: Ես շատ եմ ցանկանում, որ մեր ազգն ավելի լավ ճանաչի Քըրքորյանին, իմանա նրա մասին»,- շնորհանդեսի ընթացքում նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած «Խաղացողը» գրքի հեղինակն Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները:

Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանն ընդգծել է, որ արժեքավոր գործ է հրատարակվել: Ըստ մտավորականի՝ այս գիրքը միայն ճանաչողական նշանակություն չունի: Այն նաև դաստիարակող և ուսուցողական կարևորություն ունի: «Գիրքը պատմում է մի մարդու մասին, ով մեր ժողովրդի համար մեծ գործ է կատարել: Նա մեծ գործ է կատարել նաև ամբողջ աշխարհի համար՝ մարդասիրական տեսանկյունից: Քըրքորյանը մեր ազգային հերոսներից մեկն է, բայց դա իրեն բնավ պետք չէ, դա մեզ է պետք՝ իր հայրենակիցներին, իր ժողովրդի ներկայացուցիչներին, որպեսզի տեսնենք, թե ի՞նչ մարդ է եղել նա»,- ընդգծել է նա: