Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ խաղողօրհնեքը

223
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 10:25
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ խաղողօրհնեքը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը՝ հայտնի նաև Խաղողօրհնեք անունով: Եկեղեցական ավանդության համաձայն՝ Աստվածածնի մահից մեկ ամիս առաջ նրան այցելում է Գաբրիել հրեշտակապետը, ով ավետել էր Քրիստոսի ծննդյան մասին, և տալիս դրախտի ծաղիկներից մի պսակ: Տիրամայրը ուրախանում է՝ հասկանալով, որ եկել է երկրային կյանքի վախճանը և գնալու է սիրելի Որդու մոտ: Նա բարձրանում է աղոթելու Ձիթենյաց լեռ, որտեղից համբարձվել էր Քրիստոսը: Ավանդությունն ասում է, որ ճանապարհին բոլոր ծառերն ու բույսերը խոնարհվում էին նրա առաջ:

Քրիստոսի խաչելությունից հետո Սուրբ Աստվածածինը բնակվում է Հովհաննես առաքյալի հետ: Տիրամայրը նրան պատմում է իր մոտալուտ մահվան մասին և խնդրում վերջին անգամ պատարագ մատուցել և հաղորդություն տալ իրեն: Գալիս են նաև մյուս առաքյալներն ու հարազատները: Լուրը նրանց տխրեցնում է, որովհետև Աստվածածնի միջոցով Քրիստոսի ներկայությունն էին զգում: Հովհաննեսը նոճու փայտից մի տախտակ է մոտեցնում Տիրամորը և խնդրում. «Մա’յր, տուր մեզ քո դեմքի պատկերը որպես հիշատակ”: Տիրամայրը խաչակնքվում է, տախտակը հպում դեմքին և աղոթելով խնդրում, որ դրա միջոցով բժշկություններ լինեն: Եվ մի ձայն է լսվում. “Ուզածդ պիտի լինի, մայր իմ»: Եվ Սուրբ Մարիամը Հովհաննեսին է հանձնում տախտակը, որի վրա պատկերվել էր իր դեմքը:
Առավոտյան տունը լցվում է երկնային պայծառ լույսով և Տիրամայրը ավանդում է հոգին: Ավանդությունը վկայում է, որ նրա գերեզմանի մոտ երեք օր անդադար հրեշտակների երգի ձայնն էր լսվում: Չորորդ օրը Քրիստոսի առաջնորդույթամբ հրեշտակների զորքեր են իջնում և վերցնելով Աստվածածնի մարմինը՝ տանում երկինք: Գերեզմանի մոտ այլևս հրեշտակների ձայն չի լսվում:

Տիրամոր պատկերը Բարդուղիմեոս առաքյալն իր հետ բերում է Հայաստան: Այս օրը նաև Խաղողօրհնեք է: Խաղողի հետ օրհնվում է տարվա ամբողջ բերքը:

Տոնի հաջորդ օրը՝ վաղը մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կկատարավի հոգեհանգստի արարողություն: