Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Սպասում էինք, որ պաշտպանն ասեր նաև Քոչարյանի «հինգաստղանի» խցի ջերմաստիճանի, զարկերակային ճնշման և ախորժակի մասին». Դանիել Երաժիշտ

305
Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 15:20
«Սպասում էինք, որ պաշտպանն ասեր նաև Քոչարյանի «հինգաստղանի» խցի ջերմաստիճանի, զարկերակային ճնշման և ախորժակի մասին». Դանիել Երաժիշտ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Վերջին իրադարձությունները «հուշեր» են արթնացնում: Մի ամերիկացի որոշել էր կատակել մեծ կատակասեր Մարկ Տվենի հետ: Նամակ էր գրել հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի պարոն Տվեն, տեղեկացնում եմ Ձեզ, որ ես ինձ շատ լավ եմ զգում, այնպես որ մի՜ անհանգստացեք»: Թվում է, թէ այստեղ ոչ մի արտառոց բան չկա: Բայց բանն այն է, որ նա նամակը ուղարկել է առանց դրոշմանիշի: Իսկ դա նշանակում է, որ հասցեատերը պիտի վճարի այն ստանալու համար: Այսպես, Մարկ Տվենը ստիպված է լինում ոչ միայն վճարել, այլ. կարդալ այդ անհեթեթ նամակը: Մինչդեռ հատուցումը չի ուշանում: Շուտով այդ կատակասերը փոստից ծանուցագիր է ստանում: Գնում է փոստ և ստանում մի մեծ ծանրոց: Տանջվելով տանում է տուն, բացում, ու տեսնում մի մեծ քար և կից երկտող. «Հարգելի պարոն, երբ իմացա, որ Դուք Ձեզ լավ եք զգում, հանգստացա, սրտիս քարն ընկավ, և այդ քարն էլ ուղարկեցի Ձեզ»: Նույնը տեղի ունեցավ ինձ հետ, կարծում եմ և մեր ժողովրդի հետ, երբ Լրաբերով լսեցինք Քոչարյանի պաշտպանի հարցազրույցը թղթակիցների հետ: Նա այնքան հոգատար և քնքուշ էր խոսում Քոչարյանի մասին, նրա բանտային պայմանների մասին, որ անտեղյակին կթվար, թե նորածին երեխայի մասին է խոսքը: Ասում էր, որ Քոչարյանը մարզվելու հնարավորություն ունի, օրը մեկ ժամ մաքուր օդ է շնչում, շարունակում է իր գիրքը գրել և այլն: (Մի խոսքով, ինչպես «շեֆի» մասին անեկդոտում է ասվում. «Մե՜ ուրախություն, մե՜ ուրախություն..): Անհամբեր սպասում էինք, որ նա ասեր նաև Քոչարյանի և իր «հինգաստղանի» խցի ջերմաստիճանի, մասին, նրա զարկերակի, «ՃՆՇՄԱՆ» և ախորժակի մասին: Բայց հույս ունենք դա էլ կիմանանք, հաջորդ անգամ:
Այս լուրերը պաշտպանն ազդարարում էր ի լուր աշխարհի՝ որպես «ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ», որպեսզի Քոչարյանի առողջությամբ մտահոգվածներն իրենց լավ զգան, որ իրենց «սրտի քարերն ընկնեն», ու թեթևանան: Ու չէր վախենում, որ ժողովրդի սրտից ընկած այդ «քարերը» մի օր տեղալու են բոլոր չարագործների գլխին: Պաշտպանի քնքուշ վերաբերմունքը պաշտպանյալի նկատմամբ հիշեցրեց մեկ այլ դեպք: Ժամանակին մի ջութակահարի թյուրիմացաբար բանտարկել էին: Երբ նրան ջութակը ձեռքին տեսան, կալանավորները սկսեցին կատակել, և ասացին, որ շուտով «ԶՈՆ ՆԱՅՈՂԸ» կգա ու կասի «ինչ նվագել և ոնց նվագել»: Ի պատասխան ջութակահարի հարցին, նրանք բացատրեցին, որ «զոն նայողն» է հսկում գաղութի ներքին կյանքը: Հենց այդ պահին հայտվեց նա՝ մի մարդասպան, սադիստ-ռեցիդիվիստ: Ջութակահարը մոտեցավ ու դիմեց նրան. «Ինձ ասացին, որ Դուք եք «զոն նայողը», հսկողը, ամեն ինչ կարգավորողը: Ուրախ եմ: Մի խնդրանք ունեմ. մանկուց սովորություն ունեմ՝ քնած ժամանակ վերմակս վրայիցս գցում եմ: Խնդրում եմ «զոնը նայելիս» մեկ-մեկ վերմակս ուղղեք, հանկարծ չմրսեմ»... Դառնալով մեր «փիսիկներին» ասեմ, որ Քոչարյանի պաշտպաններին թույլ չեն տալիս մտնել բանտախուց, որպեսզի նրանց բանակցությունները չխանգարեն հետաքննությանը: Սակայն պաշտպանների մտադրությունը միանգամայն ազնիվ Է: Նրանք ձգտում են խուցը մտնելու թույլտվություն ստանալ, որպեսզի, պարզապես, իրենց պաշտպանյալին վերմակով լավ ծածկեն, որ Քոչարյանը հանկարծ ՉՄՐՍԻ, քանի որ հույս ունեն, որ նրա հետ դեռ «ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆ ԳՆԱԼՈՒ»: Բայց ո՞ւր, «մենք գիդալ չենք», դա միայն Աստվածն է «գյուդում»: