Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

«Արհավիրք, որ պետք է անհապաղ կասեցնել». Նաիրա Զոհրաբյան

271
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 14:35
«Արհավիրք, որ պետք է անհապաղ կասեցնել». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Օրերս հանդիպեցի մի խումբ բնապահպանների հետ: Երևանում օդի աղտոտվածությամբ պայմանավորված մի շարք քրոնիկ ծանր և մահացու հիվանդությունների աճի դինամիկան ուղղակի սարսափելի է: Սա արհավիրք է, որը պետք է անհապաղ կասեցնել: Ես սա ասում եմ նաև որպես լրագրող, ով երկար տարիներ զբաղվել է այս խնդրով:
Ներկայացնում եմ աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարինե Դանիելյանի կողմից արված շատ լուրջ հետազոտության ընդամենը մի քանի դրվագներ, որպեսզի պարզ լինի, թե այս աղետն ինչ զարհուրելի հետևանքներ կարող է ունենալ: Առաջիկայում նախատեսում ենք հրավիրել մեծ համաժողով՝ այս լրջագույն խնդիրը բոլոր շահարգրգիռ կողմերի հետ քննարկելու համար:
Եվ, ուրեմն՝ ըստ անցկացված գիտական մի շարք հետազոտությունների՝ աշխարհում հայտնի բնական վտանգներից Հայաստանին հատուկ են շուրջ 110 տեսակի վտանգներ, իսկ բնական աղետների (հատկապես երկրաշարժերի և սելավների) նկատմամբ պոտենցիալ առավել ռիսկային գոտի է Երևանը: Սա՝ վերջին տասնամյակների քաղաքի խիտ կառուցապատման, դրենաժային համակարգի խաթարման հետևանքն է: Բավականին մտահոգիչ է նաև այն, որ քաղաքը սելավներից պաշտպանող համակարգն ամբողջությամբ շարքից դուրս է բերված՝ Գետառ գետը կառուցապատվել է, Ավանում և քաղաքամերձ հյուսիսային վայրում հնարավոր սելավային ջրերը ընդունող ջրամբարները կիսով չափ կառուցապատված են, կիսով չափ ծածկված շինարարական աղբով: Փորձագիտական հանրությանն իրավացիորեն անհանգստացնում են հատկապես անտառների հրդեհների աճը և անապատացման ռիսկերը երկրում, քանզի անապատացման ենթարկվող տարածքներում օրինաչափորեն աճում է կարիճների, օձերի քանակը, հետևաբար՝ մարդկանց, ուստի և երեխաների խայթոցների քանակը: Այդ երևույթն առավելապես արտահայտված է հենց Երևան քաղաքում: Լուրջ խնդիր են հանդիսանում մի շարք պոլիգոններում կուտակված տոքսիկ թափոնները։ Մասնավորապես, Երևանի արվարձանում, սողանքային գոտում գտնվում է թափոնների գերեզմանոցը, որտեղ պահվում են 60 անվանումով 512 տոննա թունաքիմիկատներ (առավելապես ժամկետանց պեստիցիդներ): Գերեզմանոցն անհրաժեշտ ձևով մեկուսացված չէ շրջակա միջավայրից և շատ վտանգավոր է: Վտանգավոր է նաև Երևան քաղաքի մթնոլորտային օդում կապարի պարունակությունը, որը հասնում է 1,5-4,5 մկգ/մ3: Սա լրջագույն խնդիր է՝ ծանր մետաղները, նորմալ կարգավորման սահմանը գերազանցող, բարձր կոնցետրացիայի դեպքում վերածվում են ֆերմենտների ինգիբիտորների և օրգանիզմների վրա ունենում են տոքսիկ, ալերգիկ, քաղցկեղածին ազդեցություն: Երեխաները, որպես առավել խոցելի խումբ, առավել մտահոգության, ուշադրության և պաշտպանության կարիք ունեն նշված տոքսիկ նյութերի խիստ բացասական ազդեցությունից:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» մասնագիտացված հասարակական կազմակերպությունը լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացրել «Էնդոկրին քայքայիչները և դրանց վտանգը մարդու առողջության համար» ոլորտում: Գոյություն ունեն բավականին համոզիչ ուսումնասիրություններ, որոնք որոշակի հիվանդությունների աճը կապում են այդ քիմիկատների ազդեցության հետ: Թվարկեմ հորմոնալ քայքայիչների պատճառած առողջական խնդիրներից մի քանիսն ընդամենը ՝ բնածին արատներ. վաղաժամ ծնունդներ, մեռելածնություն, ինչպես նաև ՝ կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն, ճարպակալում, շաքարախտ:
Երեխաները, գտնվելով առավել ռիսկային գոտում, ունեն մեր պաշտպանության կարիքը: Հայաստանում «Թույներից ազատ խաղալիքներ» ծրագրի շրջանակում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի (AWHHE)» ՀԿ-ի կողմից նմուշառված 68 խաղալիքի մոտ 20 %-ը պարունակել է առնվազն 1 ծանր մետաղ, որի խտությունը գերազանցել է ՍԹԽ-ն: Ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է խաղալիքներում կապարի բարձր պարունակությունը: Սնդիկի, կադմիումի և մկնդեղի պարունակությունը նույնպես առանձին նմուշներում գերազանցել է ՍԹԽ-ն: Տոքսիկ մետաղներ պարունակող խաղալիքների մեծ մասն արտադրված է Չինաստանում, Թուրքիայում, իսկ վտանգավոր խաղալիքներից երկուսը հայկական արտադրության են: Փաստերը մտահոգիչ են, քանզի երեխաներն, ամեն ինչ բերանը տանելու ցանկությամբ պայմանավորված, ենթարկվում են ծանր մետաղների լրացուցիչ ազդեցության: Ընդ որում, մտահոգիչ է, որ երեխաների մոտ տեղի է ունեցել քաղցկեղով և բնածին շեղումներով հիվանդացության զգալի աճ 1990-2014թթ. ժամանակահատվածում, թեև ընդհանուր հիվանդացությունը ֆիքսել է անկում: Եվ, չնայած այն պարզ հանգամանքին, որ ամեն մարզ ունի ռիսկային համարվելու պատճառների իր ուրույն բնութագիրը, Երևանում, կարծես, խաչվում են գրեթե բոլոր հայտնի ռիսկերը (Նուբարաշենի տոքսիկ նյութերի գերեզմանոցը, որից տարածվում են կայուն օրգանական աղտոտիչները, քաղաքի աղբավայրերը, ներառյալ Երևանի կենտրոնում տեղաբաշխված անվերահսկելի աղբանոցը, դրենաժային համակարգի անկատարությունը, քաղաքամերձ տարածքում և նույնիսկ կենտրոնում գործող հանքերը, որոնք շռայլորեն «մատակարարում» են քաղաքի օդային ավազանը փոշով, լանջերի անտառազրկումը) և այդ իրավիճակը վատթարանում է անկախության տարիներին իրականացված հակաէկոլոգիական քաղաքաշինության շնորհիվ: Մասնավորապես, մեծ բացասական դեր է կատարել Կենտրոնի կառուցապատման խտացումը բարձրահարկ շենքերով, հաճախ կանաչ տարածքների հաշվին, ինչը խոչնդոտ է դարձել օդային ավազանի ինքնամաքրման համար, սելավատար Գետառի կառուցապատումը փակումը և համապատասխան ջրհավաք պաշտպանիչ կառույցների վերացումը: Քննարկվող թեմայի համատեքստում հատուկ պետք է ընդգծել մի շարք դպրոցների անմիջական հարևանությամբ կանաչ գոտիների և սպորտային տարածքների հաշվին բարձրահարկ շենքերի կառուցումը, ինչը նաև սեյսմիկ վտանգն է խորացրել այդ դպրոցների նկատմամբ: Նշենք նաև, որ շինանյութերի այդպիսի կենտրոնացումը հղի է ռադիոակտիվ ֆոնի բարձրացմամբ։