Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.

2008-ի օգոստոսի 8-ին սկսվեց ռուս-վրացական պատերազմը

107
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 12:05
2008-ի օգոստոսի 8-ին սկսվեց ռուս-վրացական պատերազմը

Տասը տարի առաջ այս օրը սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որ հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի ռազմական պարտությամբ, ՌԴ և մի քանի այլ երկրների կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմամբ, ինչպես նաև այդ հանրապետություններում ռուսական ռազմական ներկայության ամրապնդմամբ։

Վրաստանը Հարավային Օսիայի վրա հարձակումը պատճառաբանեց իրեն պատկանող տարածքում վերահսկողություն սահմանելու և այդտեղ սահմանադրական կարգը վերականգնելու անհրաժեշտությամբ։

Պատերազմի արդյունքում մեկնարկեց մինչ այդ չճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչման գործընթացը։ Առաջինը Աբխազիան և Հրվ Օսիան որպես անկախ պետություն ճանաչեց Ռուսաստանը, որին հետևեցին նաև Վենեսուելան, Վանուատուն, Նիկարագուան, Նաուրուն և Տուվալուն։

Սեպտեմբերի 2-ին Վրաստանը հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրան մեղադրելով իր տարածքների բռնազավթման համար։

Հնգօրյա պատերազմի ընթացքում Վրաստանը կորցրեց 171 զինծառայող (ըստ վրացական աղբյուրների), իսկ Ռուսաստանը՝ 71 (ըստ ռուսական կողմի տվյալների), Աբխազիան՝ 1, Հարավային Օսիան՝ 29 զինվորական։

Ըստ ռուսաստանյան կողմի՝ պատերազմի հետևանքով 200-ից ավել խաղաղ օս բնակիչ զոհվեց, իսկ վրացական կողմը հայտնեց քաղաքացիների շրջանում 220-ից ավել կորուստի մասին։ Վրացական կողմի պնդմամբ՝ ռուսաստանյան ուժերը ռմբակոծության էին ենթարկել նաև քաղաքները (ոչ ռազմական նշանակության վայրերը)։

Այս պատերազմի հետևանքով երկու կողմից էլ մեծ թվով բնակիչներ դարձան փախստականներ։