Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.

Փողոցային առևտուրը կարգելվի

381
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 11:30
Փողոցային առևտուրը կարգելվի

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել, որի նպատակն էր գործողություններ ձեռնարկել մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ:

Կամո Արեյանը նշել է, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապօրինի բացօթյա առևտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների, և հարկավոր է կտրուկ գործողությունների դիմել՝ ապօրինությունները կանխարգելելու համար: Քաղաքապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կան առևտրի համար առանձնացված վայրեր, և քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինների խնդիրն է բացառել առևտուրը դրա համար չնախատեսված վայրերում: Առավել ևս, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի պահանջներին համաձայն, կտրականապես արգելվում է մրգի, բանջարեղենի և այլ մթերքների բացօթյա վաճառքը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են օգնություն ցուցաբերել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները քաղաքային իշխանությունների և ոլորտի պատասխանատուների հետ պատրաստ են վճռական պայքար ծավալել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ:
Նշենք, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների առևտրի պատասխանատուները ոստիկանական խմբերի ուղեկցությամբ օրվա տարբեր ժամերին մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մարդաշատ վայրերում, հրապարակներում, այգիներում և պուրակներում ամենօրյա շրջայցներ են իրականացնելու, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: