Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

Արտակ Զեյնալյանը՝ որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ ատելության դրսևորումների մասին

237
Երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ., 20:25
Արտակ Զեյնալյանը՝ որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ ատելության դրսևորումների մասին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ:
Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս համատեղ ջանքերը, իրավաբանական օգնության, այդ թվում՝ քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է:
Մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ անձի կարգավիճակից, մեղսագրվող հանցանքի բնույթից, նախկինում զբաղեցրած պաշտոնից, նրա կողմից իրականացրած գործունեությունից և այլ հանգամանքներից:
Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժողովրդավարական պետության ու հասարակության հիմնաքարերից է, ինչպես նաև կայուն և հաշվետու պետական համակարգ ունենալու գրավականը:
Ինչ վերաբերում է մեղադրյալի իրավունքների պաշտպանությանը, ապա նշված դեպքերում առանց որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավոր չէ ապահովել ոչ անձի իրավունքների պաշտպանությունը, ոչ էլ արդարադատության իրականացումը:
Հարկ է նշել, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Մինչև դատարանի կողմից կայացրած մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, ուստի՝ փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից՝ ելնելով նրա մեղավորության կանխավարկածից:
Փաստաբանների կողմից կոնկրետ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնելուց հրաժարվելը կհանգեցնի արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի կոպիտ ոտնահարման: Քրեական արդարադատությունը հիմնված է մրցակցության և գործառութային տարանջատման սկզբունքների վրա: Այլ կերպ ասած՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է ջանասիրաբար կատարի իր գործառույթը. դատախազը մեղադրի, դատավորը դատի, իսկ պաշտպանը՝ պաշտպանի իր վստահորդին օրենքով չարգելված միջոցներով և ելնելով նրա նպաստավոր շահերից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել իրավունքի գերակայություն և իրական ժողովրդավարություն:
Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ մարդկության և խաղաղության դեմ հանցանքներ կատարելու մեջ մեղադրվող անձանց համար ապահովվել է իրավաբանական օգնությունը՝ ղեկավարվելով արդարադատության շահով:
Հարկ է ընդգծել նաև, որ անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին: Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ որևէ այլ անձ չպետք է կրի մեղսագրվող արարքից բխող բացասական հետևանքները: Ուստի՝ պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը, ինչը պայմանավորված է, ընդամենն, օրենքով հանրության անունից իրենց վրա դրված պարտականությունները կատարելով:
Կառավարությունը կարևորում է փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատուկ դերը ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին և հայտնում է, որ այդ դերից բխող գործունեությանը խոչընդոտելը խաթարում է արդարադատության բուն էությունը:
Կոչ եմ անում հանդուրժողականության, հարգանքի՝ մարդկային իրավունքների հանդեպ՝ ընդհանրապես, ու պատվի և արժանապատվության հանդեպ՝ մասնավորապես: