Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հասկացե՛ք, ես մեղավոր չեմ». ցմահ դատապարտյալի բաց նամակը` ՀՀ գլխավոր դատախազին

1010
Շաբաթ, 04 օգոստոսի, 2018 թ., 22:10
«Հասկացե՛ք, ես մեղավոր չեմ». ցմահ դատապարտյալի բաց նամակը` ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ «Արմավիր» ՔԿՀ-ի Պ.Ա.Չ.-ի դատապարտյալ Արթուր Գառնիկի Քոչարյանը բաց նամակով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.

Հարգելի պարոն Դավթյան, օրեր առաջ ես՝ Արթուր Քոչարյանս բաց նամակով դիմել էի ՀՀ Վարչապետ Պարոն Ն. Փաշինյանին: Այժմ ցանկանում եմ ավելի հանգամանալից Ձեզ ներկայացնել այն՝ ինչի մասին արդեն 14 տարի է բարձրաձայնում եմ:

2003թ.-ի հունիսի 20-ին զորակոչվել եմ ԼՂՀ Մարտունու երկրորդ պաշտպանական ծառայության: 2004 թ.-ի սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտնաբերեցին նույն զորամասի ժամկետային ծառայող լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին: Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով ինձ եւ մոտ 30 ծառայողների տարան Լ.Ղ.Հ. Ռ.Ո., այնտեղ տարբեր տեսակի ճնշումներով փորձում էին մեզանից կորզել ինքնախոստովանական ցուցմունք, սակայն ապարդյուն, այնուհետ մեզ Հ.Հ. Ռ.Ո.-ի նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղափոխեցին Հ.Հ. Ռ.Ո. վարչություն, այնտեղ մոտ 1 ամիս խոշտանգելով՝ քննիչ Արմեն Հակոբյանը փորձում էր ստիպել , որ իր թելադրանքով ցուցմունք տանք, բայց ես ինչպե՞ս կարող էի անտեղյակ լինելով ցուցմունք տալ եւ զրպարտել ուրիշներին, քանի-որ ես բացարձակ անտեղյակ էի կատարվածից: Ինչեւէ, այս նամակում ուզում եմ անդրադառնալ գործով միակ ցուցմունքի, որը գրվել է քննիչի թելադրանքով՝ Անդրանիկ Կարապետյանի շինծու եւ զրպարտական ցուցմունքին եւ դրա հակափաստարկներին, որը եթե դատարանը հիմնվել է Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքին եւ կայացրել է վճիռ, ես այս նամակում կներկայացնեմ այդ ցուցմունքը եւ Դուք, որպես հմուտ իրավաբան, կտաք Ձեր կարեւոր գնահատականը:

Եւ այսպես՝ Անդրանիկ Կարապետյանն իր ցուցմունքում նշում է, որ սեպտեմբերի 19-ին՝ ես, նա, գումարտակի պատասխանատու Արմեն Ալեքսանյանը, լուսահոգի Արթուր Մեսրոպյանը եւ մի քանի ծառայողներ պետք է հավաքվեինք եւ քննարկեինք գումարտակի պատասխանատու լեյտենանտ Արմեն Ալեքսանյանի եւ լուսահոգի Արթուր Մեսրոպյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը:

1-ին հակափաստարկ

Բոլոր մարդիկ, ում նշում է Ա.Կարապետյանն իր ցուցմունքում, հերքում են այդ տեղեկությունը, անգամ լեյտենանտ Ա. Ալեքսանյանը նշում է, որ այդպիսի քննարկման կամ «ռազբոռկաի» միտք կամ նպատակ չի եղել: Այստեղից ի հայտ է գալիս 1-ին փաստը, որ Ա. Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս: Անցնելով առաջ ներկայացնեմ Ա.Կարապետյանի ցուցմունքից եւս մեկ դրվագ եւ դրա հակափաստարկը , որը ապացուցում է, որ նա սուտ ցուցմունք է տալիս: Ա.Կարապետյանն ասում է, որ «ռազբոռկի» ժամանակ Ա.Մեսրոպյանը վազեց մեզանից 20 մետր հեռու, հետո մենք մոտեցանք, տեսանք նրան գետնին ընկած, երկու թեւերի երակներն ու վիզը կտրել է ու շատ ուժեղ արնահոսում է:

2-րդ հակափաստարկ

Ասացեք ինձ պարոն Դավթյան, նամակս ընթերցող իրավաբաններ եւ ՀՀ քաղաքացիներ….ինչպե՞ս կարող է տեղազննության ժամանակ չհայտնաբերվեր արյան լճացում այն դեպքում, երբ ըստ ցուցմունքի թեւերի երակները վիզը կտրված վիճակում մոտ 20 րոպե շատ ուժեղ արնահոսում էր, մի՞թե հնարավոր է այդքան արնահոսելուց արյան գեթ մեկ կաթիլ չլինի այնտեղ, որտեղ մատնանշում է Ա.Կարապետյանը: Այստեղից եւս հետեւություն, որ Ա.Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս, քանի որ տեղազննության ժամանակ ոչ մի արյան հետք չի եղել: Անցնելով առաջ Ձեզ ներկայացնեմ եւս մեկ շատ կարեւոր հանգամանք սուտ ցուցմունքից: Ա.Կարապետյանն ասում է ՝ մենք տեսանք, որ Արթուրը չի շարժվում, Արթուր Քոչարյանը (այսինքն ես) ասեց՝ բերեք տանենք կախենք, թող իմանան ինքնասպանություն է եւ Սուրիկ Չոբանյանի հետ Արթուրի թեւատակերից բարձրացրեցին եւ քարշ տալով՝ մոտ 20 մետր տարան դեպի պարիսպը:

3-րդ հակափաստարկ

Ինչպե՞ս կարող էինք ես եւ Սուրիկ Չոբանյանը թեւատակերից քարշ տալով 20 մետր տանեինք դեպի պարիսպը եւ մի գրամ արյուն չլինել՝ այն դեպքում , երբ Ա.Կարապետյանի ցուցմունքով լուսահոգի Արթուրի թեւերի երակները եւ վիզը կտրված էին եւ նա շատ ուժեղ արնահոսում էր: Ես հասարակ մարդ լինելով դա չեմ պատկերացնում: Էքսպերտի եզրակացության մեջ նշվում է, որ կասկածյալներից վերցված փորձանմուշները. դրանք են՝ մատնահետքերը, եղունգները, մաշկը, զինվորական համազգեստը, կոշիկներն ու ներքնաշորը կատարված հանցաքործության հետ որեւէ արնչություն չունեն:

Այս հատվածից ես Ձեզ կներկայացնեմ եւս երկու փաստարկ: Ա. Կարապետյանի ցուցմունքով մենք լուսահոգի Արթուրին մոտ 20 մետր քարշ ենք տվել դեպի պարիսպը: Նշեմ, որ Արթուրը մոտ 1,70 մետր բոյով եւ մոտ 80 կգ քաշ ընեցող տղա էր: Ինչպե՞ս մենք կարող էինք քարշ տալով տանել, հողի վրա չմնային Արթուրի ոտքերից առաջացած ակոսներ, կամ ինչպե՞ս կարող էր Արթուրի կոշիկների վրա քերծվացքներ չառաջանար քարշ տալու հետեւանքով: Թե տեղազննության եւ թե փորձաքննության ժամանակ իմ նշած կարեւոր հանգամանքները բացակայում են եւ դրանից հետեւություն, որ Ա. Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս: Իմ կողմից նշված հակափաստարկների բացակայության դեպքում դատարանը առնվազն պետք է քրգործը ուղարկեր լրացուցիչ քննության, բայց արի ու տես, որ դատարանին չէր հետաքրքրում գործում կա ապացույց՝ թե ոչ: Նրան հրահանգվել էր մեզ դատապարտել եւ նա դա արեց:

Հարգելի պարոն Դավթյան, այս նամակում ես Ձեզ ներկայացրեցի 3 հակափաստարկ՝ 3 հանգամանք, որոնց բացակայության դեպքում չպետք է կայացվեր վճիռ: Ես պատրաստ եմ Ձեզ ներկայացնել նմանօրինակ հակափաստարկների շարքը այն ժամանակ, երբ կայցելեք ՔԿՀ ինձ հետ հանդիպման:

Արդեն 14 տարի է ես դատապարտված եմ ցմահ ազատազրկման: Ինձ դատել են առանց հանգամանքի, առանց ապացույցի, մեկ հոգու զրպարտչական ցուցմունքի հիման վրա եւ վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ինձանից նոր երեւան եկած հանգամանք են պահանջում, որպեսզի քրգործը ուղարկեն լրացուցիչ քննության: Ասացեք ինձ խնդրում եմ, ի՞նչ հանգամանքների եւ ապացույցների հիման վրա է կայացվել վճիռը իմ հանդեպ: Դատարանի համար հիմք է եղել Ա. Կրապետյանի ցուցմունքը, որում չկա ոչ մի փաստ, որ նա ճիշտ է ասում, այլ հակառակը ես՝ ինչպես նամակում առավել հանգամանալից եւ բովանդակալից հակափաստարկներ եմ ներկայացրել դատարան, որ Ա.Կարապետյանի ցուցմունքը շինծու է եւ դա չի կարող համապատասխանել իրականությանը: Բացատրեք ինձ խնդրում եմ, ինչպե՞ս է հնարավոր, որ Ա.Կարապետյանը սեփական ցուցմունքով ինքն իրեն մեղավոր է ճանաչում լուսահոգի Արթուրի սպանության մէջ, բայց դատարանը Ա.Կարապետյանին դատապարտում է 1 տարվա ազատազրկման եւ ազատ է արձակում դատարանի դահլիճից: Այստեղից եւս հետեւություն, որ Ա.Կարապետյանի ցուցմունքը եղել է քննիչ Արմեն Հակոբյանի թելադրանքը՝ Անդրանիկին այլեւս չծեծելու եւ չդատելու խոստումով, նույնը ինչ փորձում էր ինձ հետ՝ ցուցմունք տամ իր թելադրանքով եւ չդատվեմ: Հագելի պարոն Դավթյան, շուրջ 14 տարի է ես բարձրաձայնում եմ, որ ես անմեղ եմ եւ ինձ դատապարտել են չկատարած հանցանքի համար, սակայն ոչ մի արձագանք: Հիմա շատ բան է փոխվել մեր երկրում թավշյա հեղափոխությունից հետո: Դիմում եմ Ձեզ, որպեսզի վերականգնեք արդարությունը եւ բացահայտեք այս հանցագործությունը: Հուսով եմ այս անգամ ձայնս տեղ կհասնի եւ կվերականգնվի արդարությունը:

Նամակին կից ուզում եմ ավելացնել իմ վերջին խոսքը դատարանի դահլիճում:

Վերջին խոսքը

Ես ձեզանից ներողություն չեմ խնդրում, քանի-որ մեղքի անգամ մի մասնիկ չունեմ: Իրական պատժի մասին թող մտածեն իրական հանցագործները, նրանց պարտակողներն ու հովանավորողները:

Թող ներեն ինձ Արթուրի ծնողներն ու ինքը՝ Արթուրը, որ այդ պահին նրա կողքին չեմ եղել, որ կանխեմ դա: Եվ թող ների մեզ բոլորիս Աստված....

Հասկացե՛ք, ես մեղավոր չեմ: Այսքան մեղք ինչպե՞ս պիտի կրեք ձեր հոգու մեջ:

Ես չեմ խնդրի մեղմ վերաբերվել կամ ներել, այլ իմ պահանջը հետեւյալն է ՝ ճանաչել իմ անմեղությունը կամ գործն ուղարկել հետ՝ քննության: Զղջում եմ նրա համար, որ մորս աչքերը նայում են ոչ թե որպես զինվորի, այլ իբրեւ մարդասպանի:

Արթուրի մայրը նայում է մի մարդու, ով համարյա իր որդու կարգավիճակում է...Ես ել ամեն օր հոգեկան մահ եմ վերապրում: Մեկ է , վաղ թե ուշ իրական հանցագործը նորից կիրագործի իր չար գործը: Աղոթում եմ, որ Աստված չլքի ոչ թե ինձ, այլ ձեզ այս կարեւոր ու վճռական պահին: Ինքս դատապարտում եմ այն արարքը, որ կատարվել է ... Սա գալիս է նրանից, որ ոչ մեկին չի հետաքրքրել ճշմարտությունը: Կա մեկը, ով հանգամանքի բերումով համապատասխանում է զոհի դերին եւ վերջ, մնացածն էական չէ, իսկ Անդրանիկի տված ցուցմունքը ոչ այլ ինչ է, քան Հուդայի 30 արծաթը:

Տարօրինակ է, բայց կտակարանի պատմությունը կրկնվում է՝ անմեղի դատապարտումը եւ իրական մեղավորի ազատության մեջ գտնվելը ...

Վերջ

Դիմող ՝ Ա.Գ.Քոչարյան