Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Facebook-ի բաժնետոմսերի ռեկորդային անկում. տագնապալից նշան Ցուկերբերգի կամ ողջ ֆոնդային շուկայի համար

6283
Ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ., 12:40
Facebook-ի բաժնետոմսերի ռեկորդային անկում. տագնապալից նշան Ցուկերբերգի կամ ողջ ֆոնդային շուկայի համար

Facebook-ի բաժնետոմսերն ԱՄՆ-ում հիմնական առևտրի փակումից անմիջապես հետո ընկել են 24%-ով: Ընկերության արժեքն ընկել է 150 միլիարդ դոլարով, իսկ ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 17 միլիարդ դոլարով:

Անկումն ամերիկյան ֆոնդային շուկայի պատմության մեջ ամենախոշորն է դարձել:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2018թ. երկրորդ եռամսյակում Facebook-ի եկամուտն աճել է 42%-ով՝ մինչև 13,2 միլիարդ դոլար: Արդյունքները չեն գոհացրել վերլուծաբաններին և ներդրողներին, ովքեր ակնկալել են 13,4 միլիարդ դոլար:

Բաժնետոմսերի անկման պատճառով սոցցանցն ու իր հիմնադիրը կորցրել են 16,8 միլիարդ դոլար: Նման հաշվարկ է կատարել Bloomberg-ը: Գործակալությունը նաև նշել է, որ Ցուկերբերգը կարող է զրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երրորդ տեղից:

2018թ. ընթացքում սոցցանցն արդեն մի քանի անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բրիտանական վերլուծական Cambridge Analytica ընկերությունը, որը համագործակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ, հավաքել է սոցցանցի 87 միլիոն օգտատերերի տվյալները՝ վերջինների քաղաքական նախընտրությունները վերլուծելու համար: Սկանդալի պատճառով Cambridge Analytica-ն կորցրել է իր բոլոր հաճախորդներին, իսկ Ցուկերբերգն ստիպված է եղել ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում: