Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

822
Երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ., 19:35
Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Շուրջ մեկ ամիս է՝ ՀՀ Վարչապետի ձևավորած և ՀՀ Ազգային ժողովում ստեղծված աշխատանքային խմբերում զուգահեռաբար ընթանում են ՀՀ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները: Քննարկումների առանցքային հարցն է դարձել այսպես կոչված փակ կամ բաց համամասնական ընտրակարգերի միջև ընտրությունը: Այդ կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

Թե' փակ, թե' բաց համամասնական ընտրակարգերն ունեն առավելություններ և թերություններ: Դրանց միջև ընտրությունը կոնցեպտուալ առումով կախված է այն գլխավոր խնդրից, որ ծառացած է երկրի քաղաքական համակարգի առջև:

Այսօր մենք գործ ունենք մի ամբողջ քսանամյակ քոչարյանական և սարգսյանական ռեժիմների կողմից Հայաստանի քաղաքական դաշտի ոչնչացմանն ուղղված քաղաքականության հետևանքների հետ: Այդ քաղաքականությունն իրականացվել է ռեժիմի հովանավորությամբ անօրինական ճանապարհով հարստացած և իշխանությանը սերտաճած կրիմինալի միջոցով քաղաքական գործընթացների, և հատկապես ընտրությունների, վրա հսկայական ազդեցության գործադրման համար անհրաժեշտ մեխանիզմների ներդրմամբ: Բնակչության ընդամենը 0.05%–ը կազմող, սակայն ապօրինաբար ազգային հարստության շուրջ կեսին տիրացած ռեժիմն ու նրա սպասարկուները, մոտ 50%–ի հասնող աղքատության պայմաններում ընտրությունները վերածեցին փողի և վարչական-տնտեսական լծակների մրցակցության՝ ոչնչացնելով ընտրությունների, իսկ դրա արդյունքում՝ նաև իշխանության քաղաքական բովանդակությունը: Ընտրակաշառքի, <բարեգործության> և անհամաչափ ընտրական ծախսերի տեսքով փողը դարձավ իշխանության ձևավորման գլխավոր գործոնը՝ այլասերելով քաղաքական համակարգը: Այդ քաղաքականության իրականացման առանցքային երաշխիքը միշտ եղել է մեծամասնական, հետագայում դրա տարատեսակ, այսպես կոչված ռեյտինգային համամասնական ընտրակարգը: Փոքրացնելով ընտրական գործընթացներում քաղաքական գործոնների ազդեցությունը, փոխարենը էապես մեծացնելով անհատական, կլանային և ֆինանսա-տնտեսական գործոնների կշիռը, առկա իրողությունների պայմաններում այդ ընտրակարգը ռեժիմի ձեռքում դարձավ հիմնական միջոց՝ քաղաքական գործընթացների վրա ազդելու համար, իսկ կրիմինալի համար՝ խողովակ դեպի պետական իշխանություն:

Այդ արատավոր քաղաքականության հետևանքները ներկայումս դեռևս վերացված չեն: Եվ եթե արդարադատություն ապահովելը, կոռուպցիան հաղթահարելը հնարավոր է համեմատաբար կարճ ժամանակահատվածում, սոցիալական առկա բևեռացվածությունը հաղթահարելը կպահանջի անհամեմատ երկար ժամանակ:

Այսպիսով, այսօրվա գլխավոր խնդիրը Հայաստանի քաղաքական համակարգը առողջացնելն է: Հետևաբար, ընտրական բարեփոխումների հիմնական հարցն այսօր պետք է լինի քաղաքական գործընթացների վրա փողի ազդեցությունը խիստ նվազագույնի հասցնող մեխանիզմների կիրառումը: Նկատի ունենալով Հայաստանում նախկին ռեժիմի օրոք ստեղծված և օբյեկտիվորեն դեռևս առկա իրողությունները, դա հնարավոր է միայն փակ համամասնական ընտրակարգով: Եթե դա չարվի, իշխանության ամենավճռական կամքի գործադրման պարագայում անգամ լրջագույն խոչնդոտներ են պահպանվելու թե' ընտրական, թե' ընդհանրապես քաղաքական համակարգի կայացման ու զարգացման համար:

Հայ Ազգային Կոնգրեսը համոզված է, որ այժմ ՀՀԿ-ի կողմից առաջարկվող բաց համամասնական ընտրակարգը, իր մեջ ամբողջությամբ ներառելով մեծամասնական և ռեյտինգային ընտրակարգերի խորքային բովանդակությունը, ըստ էության դրանց քողարկված տարբերակն է և այն միանշանակ անհրաժեշտ է մերժել, իսկ սույն հայտարարությամբ նշված գլխավոր խնդրի լուծմանը կարելի է հասնել առնվազն հետևյալ մեխանիզմների կիրառմամբ.

1. Ամբողջությամբ անցում կատարել փակ համամասնական ընտրակարգի:

2. Ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման հետ առնչվող հանցագործությունները դասել ծանր հանցագործությունների շարքին /ազատազրկման առավելագույն ժամկետները 5-ից բարձրացնելով մինչև 6 տարի/՝ այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրմամբ:

3. Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և այն սահմանել ընտրությունները նշանակելու օրվանից սկսած: Օրենքով սահմանել, որ ընտրությունները նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրական գործընթացի ավարտը քաղաքական ուժի ու անձի կողմից, կամ նրանց անունից բարեգործության առկայության դեպքում վերջիններս կորցնում են առաջադրվելու և ընտրվելու իրավունքը: Պետք է բացառել նաև բարեգործական կազմակերպությունների և ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների անվանական նույնացումը:

4. Էապես կրճատել նախընտրական ծախսերի թույլատրելի առավելագույն շեմերը:

5. Հստակ տարանջատել իշխանությունն ու գործարարությունը, սահմանելով, որ պատգամավոր կամ պետական կառավարման համակարգում այլ բարձր պաշտոն ստացած գործարարի բիզնեսը պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հանձնվում է պետության կողմից լիազորված մարմնի կառավարմանը:

Անվիճելի է, որ թե' նախկինում, թե' ներկայումս փակ համամասնական ընտրակարգի կողմնակից են եղել և են քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունն ու քաղաքացիական հասարակությունը: Նախկինում այս հարցի շուրջ հասարակական լիակատար կոնսենսուսը (փոխհամաձայնությունը) չի կայացել միայնումիայն ՀՀԿ-ական ռեժիմի ու նրա արբանյակների պատճառով: Այժմ ՀՀԿ-ն կրկին անգամ փորձում է խափանել փաստացի առկա կոնսենսուսը: Կոնգրեսը համարում է, որ անընդունելի է հանուն կոնսենսուսի կառավարության կողմից ցանկացած զիջում, եթե այն չի ապահովելու այսօրվա գլխավոր խնդրի լուծումը և, ըստ այդմ, արգելակելու է Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման հեռանկարը: