Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Տերյանական պոեզիայի տոնի հիմնադրման պատմությունը

508
Երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ., 17:30
Տերյանական պոեզիայի տոնի հիմնադրման պատմությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 21-ին Գանձայում անցկացվել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ:

Տերյանական պոեզիայի տոնը հիմնադրվել է 1967 թվականին: 1981 թվականին Վրաստանի կոմկուսի կենտկոմի որոշմամբ պոեզիայի տերյանական օրը պաշտոնականացվել և ներառվել է հանրապետական նշանակության տոների ցանկում: Հանդիսությունը սովորաբար անցկացվում է հուլիսի նախավերջին կիրակի օրը, քանի որ 1905 թվականին այդ օրը Գանձայում է եղել Ավետիք Իսահակյանը և դեռևս Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսանող Վահան Տեր-Գրիգորյանի (Տերյան) հետ մասնակցել է Վարդավառի տոնախմբությանը: Տոնակատարությունը մշտապես կազմակերպում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը, իսկ հայաստանյան պատվիրակության մասնակցության կազմակերպիչը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունն է՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տերյանական պոեզիայի տոնին տարբեր տարիներին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և հայտնի մշակույթի գործիչներ, որով տոնը վերածվել է հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամության իսկական տոնահանդեսի: Տոնի մասնակիցները նախ այցելում են Վահան Տերյանի տուն-թանգարան, ապա պոետի հոր՝ Տեր-Սուքիասի ձեռքով 1852 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որի բակում է հանգչում Վահան Տերյանի միակ դուստր Նվարդ Տերյանի աճյունը: Տոնակատարության գագաթնակետը դաշտահանդեսն է, որտեղ հնչում են տերյանական բանաստեղծություններն ու սրտառուչ խոսքեր նրա մասին: Հնչող երգ ու երաժշտությունը ամբողջացնում է տոնական տրամադրությունը: Պոեզիայի տոնը հիրավի համաժողովրդական տոնախմբություն է Ջավախքում: Այդ օրը տոնին մասնակցելու սուրբ պարտավորություն է զգում յուրաքանչյուր ջավախքահայ, անգամ նրանք, ովքեր ապրում են հեռվում: Տարբեր տարիներին պոեզիայի տերյանական օրերին իրենց մասնակցությունն են բերել ճանաչված բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանն ու Իոսեբ Նոնեշվիլին, Հրաչյա Հովհաննիսյանն ու Կառլո Կալաձեն, Վահագն Դավթյանն ու Մորիս Փոցխիշվիլին, հայտնի գրողներ Մկրտիչ Սարգսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Շալվա Նիշնիանիձեն, Գեորգի Ցիցիշվիլին և շատ ուրիշներ: