Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Քաջարանի հանքը սպասարկող Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը լցվում են գետը». ՀԲՃ

548
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 02:10
«Քաջարանի հանքը սպասարկող Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը լցվում են գետը». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում կարդում ենք.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օրեր առաջ մենք հրապարակեցինք այս տեսանյութը (https://www.youtube.com/watch?v=uFbl6yuMSi8), որտեղ հերթական անգամ պարզ երևում է, թե ինչպես են Քաջարանի հանքը սպասարկող Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը լցվում գետը։ Այս էկոլոգիական հանցագործությունը շարունակվում է տարիներ շարունակ, և ինչպես մենք, այպես էլ որոշ լրատվամիջոցներ (հատկապես Հետք-ը) բազմիցս անրադարձել ենք այս խնդրին։ Քաջարանի հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն այդ տարիների ընթացքում ոչ մի անգամ չի արձագանքել այս խնդրի հետ կապված մեր և ոչ մի հրապարակման։ Բայց այս անգամ իրենցից ստացել ենք նամակ, որից պարզ է դառնում, որ այս խնդիրն իբր թե մշտապես գտնվել է իրենց ուշադրության կենտրոնում, իրենք սպասում են վարչապետի հանձնարարականով նախատեսված ստուգումներին, պատրաստ են դրանից հետո քննարկումներ կազմակերպել, որտեղ ակնկալում են նաև մեր թիմի անդամների մասնակցությունը և այլն։
Հակիրճ պատասխանենք ընկերությանը։
Սկզբում մի քանի փաստեր․
1․ Դուք տարիներ շարունակ խախտել եք ՀՀ օրենքներն ու իրական պատասխանատվություն չեք կրել դրա համար, քանի որ ունեցել ենք կոռումպացված կառավարություն։
2․ Դուք տարիներ շարունակ անվերահսկելի աղտոտել եք բնական միջավայրն ու վտանգել եք բնակչության առողջությունը։
3․ Դուք տարիներ շարունակ ունեցել եք փակ, ոչ մասնակցային գործելաոճ, և ձեզ ընդհանրապես չի հուզել հանրային կարծիքը։
(Մեկնաբանություններում կդնենք այս կետերում նշված փաստերը հաստատող որոշ հղումներ):
Հիմա, երբ Հայաստանում իրավիճակ է փոխվել՝ հանկարծ դուք դառա՞ք բարի կամք դրսևորող։ Այո, ստուգումներ լինելու են ձեր մոտ, և մենք ամեն կերպ աջակցելու ենք մեր վստահությունը վայելող կառավարությանը, որպեսզի բացահայտվեն ձեր գործունեության հետ կապված բոլոր հնարավոր մութ պատմություններն ու փաստերը։ Կարծում ենք և լիահույս ենք, որ դրանից հետո լրիվ այլ իրավիճակ կլինի, և Քաջարանի հանքի շահագործումը լրիվ այլ ընթացք կունենա։ Անհնար է հավատալ, որ տարիներ շարունակ բոլոր հնարավոր օրենքներն անտեսած ընկերությունը հանկարծ մի ամսում փոխվի։ Մենք շարունակելու ենք վերահսկել բոլոր հանքերի գործունեությունը՝ համագործակցելով անկաշառ պետական մարմինների հետ, որպեսզի բացահայտվեն բոլոր խնդիրներն ու խախտումները, իսկ մեղավորներն իրական պատիժ կրեն։ Միայն դրանից հետո է կարելի մտածել, թե ինչ ձևաչափով և եղանակներով համագործակցել հանքարդյունաբերող տարբեր ընկերությունների հետ։

Ներկայացնում ենք նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ- նամակը

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության հարգելի՛ անդամներ,

Նախօրեին ՀԲՃ ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերի հետ կապված: Հավաստիացնում ենք ձեզ, որ խնդիրը մշտապես գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ մոտ ժամանակներս ստուգումներ են իրականացվելու Հայաստանի բոլոր հանքարդյունաբերական հիմնարկներում, այդ թվում՝ ԶՊՄԿ-ում: Վստահ ենք, որ ստուգումները կտան իրավիճակի օբյեկտիվ պատկերը, ինչից հետո ստուգման արդյունքների վերլուծության և հնարավոր խնդիրների լուծման նպատակով «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ կկազմակերպվեն քննարկումներ: Այդ քննարկումներին ակնկալում ենք նաև ձեր թիմի ներկայացուցիչների մասնակցությունը: Ստուգումների արդյունքների հրապարակումից հետո լրացուցիչ կհաղորդենք քննարկման ձևաչափի ու ժամկետների մասին: Շնորհակալ ենք բնապահպանական խնդիրների լուծման հարցերում ձեր նախաձեռնության անդամների ցուցաբերած շարունակական ջանքերի համար: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ստուգումներից հետո համագործակցելու, հնարավոր խնդիրները քննարկելու և դրանց լուծում տալու հարցում:

Հարգանքով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
Կայուն զարգացման գծով տնօրեն
Սամվել Ալեքսանյան