Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

«Փորձում ենք գլուխներս կախ աշխատել». Գյումրու մարզադպրոցի տնօրենի օգնության կոչն անպատասխան է մնացել

140
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 17:15
«Փորձում ենք գլուխներս կախ աշխատել». Գյումրու մարզադպրոցի տնօրենի օգնության կոչն անպատասխան է մնացել

Օրերս MAMUL.am-ն անդրադարձել էր Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցին, որի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանն օգնության կոչ էր տարածել ԶԼՄ-ներում։ Ք.Գյումրի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղ. 57/2 հասցեում գտնվող մարզադպրոցը շրջակա տարածքում միակ վայրն է, որտեղ երեխաները կարող են սպորտով զբաղվել։ Անմխիթար վիճակում գտնվող մարզադպրոցն այս տարի Գյումրու քաղաքապետարանից գումար է ստացել, որով գնել է շինանյութ՝ սեփական ուժերով դպրոցը վերանորոգելու համար։ Տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց շինարարական աշխատանքների մասին։

«Հիմա մենք վերանորոգման աշխատանքներ ենք տանում, որոնց գումարը տրամադրել է Գյումրու քաղաքապետարանը։ Տրամադրած գումարով գնել ենք շինանյութ, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում ենք մեր ուժերով։ Արդեն փոխել ենք մարզադահլիճի 70 ք․մ․ հատակը, որն ամբողջությամբ փտած էր, իսկ մնացած 850 ք․մ․ մակերեսն էլ պետք է հղկատաշենք, ինչից հետո պետք 3 անգամ հատակը ներկվի, որպեսզի չփտի։ Չենք լաքապատում, քանի որ թանկ է և հատակն էլ նոր չէ։ Այս դահլիճը նախատեսված է մականախաղի, հանդբոլի, սամբոյի, արևելյան մարզաձևերի՝ կարատե, ուշու, թաեքվոնդոյի և խաղային այլ մարզաձևերի համար»,- նշեց նա։

Հարցին, թե նախորդ հրապարակումից հետո որևէ օգնություն ստացել են, Կիրակոսյանը պատասխանեց:

«Ոչ մի օգնություն չենք ստացել։ Աշխատում ենք միայն մեր կոլեկտիվով։ Պետք է արագ վերանորոգենք, որպեսզի մինչև ձմեռ հասցնենք։ Խնդրում ենք մարդկանց, ովքեր ունեն երեսպատման սալիկներ, ջրատաքացուցիչներ կամ այլ շինանյութ, որ իրենց պետք չէ, տրամադրեն մեզ։ Հույս ունեմ, որ որևէ կազմակերպություն էլ կաջակցի մեզ գազամատակարարման հարցում։ Մեր կողքին գտնվող դպրոցն ապահովող գազի խողովակն անցնում է մեր դպրոցի պատով, պետք է միացնել։ Չենք դիմել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, քանի որ գումար չունենք վճարելու համար։ Մենք գիտակցում ենք, որ բոլոր մարզադպրոցներն էլ ունեն խնդիրներ, քանի որ հին են։ Գյումրու քաղաքապետարանը հնարավորությունների սահմանում աջակցում է մեզ։ Փորձում ենք գլուխներս կախ աշխատել ու հնարավորինս վերանորոգել այս մարզադպրոցը»։

Կիրակոսյանն ավելացրեց, որ չնայած վերանորոգման աշխատանքներին, դպրոցի սաների մարզումները չեն դադարել. «Չնայած վերանորոգմանը՝ մեր դպրոցի երեխաները մարզվում են։ Այնպես ենք կազմակերպել աշխատանքը, որ չխանգարի մարզումներին։ Հիմնականում վաղ առավոտյան և ուշ ժամերին ենք վերանորոգման աշխատանքներն իրականացնում։ Երբ մարզումների ժամն է, դադարեցնում ենք աշխատանքը»։

Նշենք, որ մարզադպրոցի սաները բազմիցս դարձել են Հայաստանի առաջնությունների մրցանակակիրներ, մի քանի մեդալ են նվաճել նաև Եվրոպայի երիտասարդական և պատանեկան առաջնություններին։