Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Փյունիկ»-ը պատասխանել է ՀՖՖ-ին

294
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 23:35
«Փյունիկ»-ը պատասխանել է ՀՖՖ-ին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ըստ որի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է իր ֆուտբոլիստներին տրամադրել Հայաստանի Մ17 և Մ19 տարեկանների հավաքականներին և փորձում է ձախողման դեպքում ողջ պատասխանատվությունը դնել մեր ակումբի վրա։

Մենք կարծում ենք, որ մեղադրանքներն անհիմն են, քանի որ Հայաստանի հավաքականների ելույթների ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հենց դրանում է կայանում նրա նշանակությունը։

Մենք ստացել ենք ֆուտբոլիստներին հավաքականներին տրամադրելու ՀՖՖ-ի հետևյալ պահանջը.

Մ17տ. հավաքական — 2002թ.

2018թ. hուլիսի 9-ից մինչ oգոստոսի 5-ը՝ ամենօրյա մարզումներ հավաքականի հետ
2018թ. oգոստոսի 6-ից սկսած մինչ hոկտեմբերի 26-ը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին մարզումներ հավաքականի հետ

Մ19տ. հավաքական – 2000թ.

2018թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ը՝ ամենօրյա մարզումներ հավաքականի հետ
2018թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ 2019թ. Հուլիս ամիսը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին մարզումներ հավաքականի հետ

Մենք խնդրեցինք պարզաբանել վերը նշված պահանջները, քանի որ դրանք համարում ենք ոչ լեգիտիմ և խնդրահարույց։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գերխնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների նախապատրաստումն ազգային հավաքականների համար։ Պատահական չէ, որ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմի կորիզը հենց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաներն են եղել։

ՀՖՖ-ի նոր պահանջը ոչ միայն չի համապատասխանում մեր որդեգրած քաղաքականությանը, այլև մեր կարծիքով անարդյունավետ է։ Հենց երկրի ակումբների լավագույն սաները պետք է ներկայացնեն ազգային ընտրանին, ոչ թե արհեստականորեն հավաքած նոր թիմը։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը միշտ տրամադրել է իր ֆուտբոլիստներին ազգային հավաքականներին, ծրագրում է այսուհետ ևս տրամադրել նրանց տարբեր տարիքային հավաքականների խաղերին և նախախաղային հավաքներին, ինչպես և գրված է կանոնակարգում։

Սակայն մեր ֆուտբոլիստներին տևական ժամանակով կտրել մարզումային գործընթացից մեզ համար անհասկանալի է։ Կարծում ենք առաջարկը, ըստ որի մեր ֆուտբոլիստները շաբաթը 3 օր հավաքականի հետ պետք է մարզվեն, մնացածը՝ ակումբի՝ լավ մտածված չէ և ոչ պրոֆեսիոնալ է։

Մենք ծայրահեղ մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և հույս ունենք այս հարցի վերաբերյալ կառուցողական երկխոսության դուրս գալ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ»,- նշված է հայտարության մեջ։