Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.

«Բռնեց երեխայիս մազերից ու ասեց՝ «դու ո՞վ ես, որ ավտոս ջրես». Վարդավառին Վլադիմիր Գասպարյանի եղբայրը թիկնապահների հետ ծեծել է ընտանիքի հորը

822
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 12:20
«Բռնեց երեխայիս մազերից ու ասեց՝ «դու ո՞վ ես, որ ավտոս ջրես». Վարդավառին Վլադիմիր Գասպարյանի եղբայրը թիկնապահների հետ ծեծել է ընտանիքի հորը

Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Ցողիկ Փիլոյանը MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի ու նրա որդու պատճառով ամուսինն այժմ հիվանդանոցում է:

Ամեն ինչ սկսվել է երեկ՝ Վարդավառի ժամանակ, երբ բակում խաղացող երեխաները ջուր են լցրել Կարեն Գասպարյանի մեքենայի վրա: «Ինքը X6-ով անցնելիս է լինում, երբ երեխաս պատահաբար ջուր է լցնում մեքենայի հետևի մասի վրա: Կանգնում են, դուռը բացում, ու մոտ 23 տարեկան աղջիկն իմ 12 տարեկան երեխային ասում է՝ «համբալ, խի՞ ես ջրում»: Հետո իջնում է Վովայի ախպերը, բռնում երեխայիս մազերից ու ասում՝ «դու ո՞վ ես, որ ավտոս ջրես»: Միջամտում է ամուսինս՝ նշելով, որ «երեխա են, խաղում են, ի՞նչ անենք հիմա»: Ու տենց սկսում են՝ «կտենաք ձեր հալը, ձեր հարցերը կլուծենք» և այլն»,- պատմում է Ցողիկ Փիլոյանը՝ նշելով, որ միջադեպն այսքանով չի ավարտվում: «Ավելի ուշ զանգահարում են ամուսնուս եղբորը, ասում են՝ թող գա մեր դաչա, բարիշենք: Տեգրս էլ, վստահելով այդ մարդկանց, իր որդուն ու ամուսնուս ուղարկում է Վովայի ախպոր դաչա: Մտնում են ներս, դարպասը փակվում է ու ամուսնուս դիմավորում են 10-15 ավտոմատավորներ: Ստիպում են, որ ծնկի գա ու ներողություն խնդրի: Ամուսինս ասում՝ «ինչի՞ համար, չեմ խնդրի»: Դրանից հետո տեգորս տղային բռնում են, որ տանեն... Պատմությունն ավարտվում է նրանով, որ Վովա Գասպարյանի եղբոր տղան խփում է ամուսնուս գլխին, հիմա նա հիվանդանոցում է»,- ասաց կինը՝ հավելելով, որ արդեն դիմել են ոստիկանություն ու գնալու են մինչև վերջ: