Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Քննարկումն այլ կլիներ, եթե այդ մասունքից ռուսական եկեղեցուն բաժին հանած ՀԱԵ-ն ժամանակին տեղեկացներ այդ մասին». Հրանուշ Խառատյան

600
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 14:00
«Քննարկումն այլ կլիներ, եթե այդ մասունքից ռուսական եկեղեցուն բաժին հանած ՀԱԵ-ն ժամանակին տեղեկացներ այդ մասին». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքում գրել է.

Քրիստոնեական բոլոր եկեղիներն էլ մրցակցում են մասունքներ հավաքելու գործում, մասունքների առկայությունը եկեղեցու զորության վկայություններից մեկն է: Եկեղեցիներն իրենց մասունքների ցանկերով կատալոգներ են հրատարակում, նկարագրում են այդ մասունքների պատմությունը, զորավորությունը, դրանց մասին պատմական աղբյուրագիտական վկայությունները, առասպելները, դրանց զորության ազդեցության վկայությունները և այլն: Հայոց հարուստ պատմագրությունը բազում այդ կարգի վկայություններ ունի վաղ քրիստոնեությունից սկսած: Հենց միայն Սուրբ Կարապետի անունը կրող մի շարք վանքեր ու եկեղեցիներ համարվում են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքների կրող (Կարապետ անունը Հովհաննես Մկրտչի յոթ անուններից մեկն է՝ Հովհաննես, Մկրտիչ, Մարտիրոս, Ավետիս, Առաքյալ, Մարգարե, Կարապետ), առասպելն ասում է, որ Գրիգոր Լուսավորիչն իր հետ Հայաստան է բերել Հովհաննես Մկրտչի մնասունքները և թաղել Մշո Սուրբ Կարապետի վանքի հիմքերում: Հայոց Եկեղեցին նույնիսկ տոն ունի Գրիգոր Լուսավորչի կողմից Հովհաննես Մկրտչի նշխարները Հայաստան բերելու առիթով: Ամենանշնավորն, անշուշտ, Մշո Սուլթան Ս.Կարապետ անունով վանքն էր, որի Ս.Կարապետ եկեղեցու մատուռը ծառայում էր որպես Հովհաննես Մկրտչի մասունքների գերեզման: Առասպելներից մեկն էլ պատմում է Դերսիմի տարածքում, Սբնգոր լեռան արևմտյան կողմը գտնվող Աղտաղի գագաթից քիչ վար գտնվող լանջի Միավոր Ս.Կարապետի վանքի մասին. «Ավանդաբար պատմում են, թե Կեսարիայից Ս.Կարապետի մարմինը մի ջորու վրա բեռնած Հայաստան տեղափոխելու ժամանակ, ջորին ճամփան շեղելով կորչում է: Երկար փնտրելուց հետո ջորուն իր սրբազան բեռով գտնում են պառկած այդ վանքի տեղում, և դա է պատճառը, որ վանք կառուցելու ոչ մի հարմարություն չունեցող անտառազուրկ և ամայի այս լեռան վրա եկեղեցի են կառուցել ու վանք հիմնել», և անունը դրել Միավոր կամ Սուրբ Կարապետ: Ուշագրավ է քրդական (ալեվիական) ավանդազրույցը, ըստ որի երբ Հերովդեսը Կեսարիայում գլխատել է տալիս Հովհաննես Մկրտչին, հավատացյալները, քննարկելով նրա մարմնի թաղման վայրի հարցը, երկար խորհրդակցություններից հետո որոշում են մի ուժեղ ջորու վրա կապել նրա մարմինը և ազատ թողնել կենդանուն, մինչև նրա ուժասպառ լինելը և որևէ տեղ պառկելը, որտեղ էլ պետք է թաղվի մարմինը ու եկեղեցի կառուցվի: Ջորու առաջին կանգառը լինում է Դերսիմում գտնվող հետագա Հալվորի Ս.Կարապետ վանքի վայրում: Ջորուն հետևողները մոտենում են, սակայն կենդանին ոտքի է կանգնում և սկսում է վազել: Հետևողները մտածում են, որ ջորու այդ ժամանակավոր կանգառը Աստծո կողմից էր նախասահմանված, ուստի կտրում են Ս.Կարապետի աջ բազուկը և թաղում առաջին կանգառում՝ հետագա Հալվորի Սուրբ Կարապետ վանքի տարածքում: Ջորին շարունակում է ընթացքը մինչև Մշո սուլթան Ս.Կարապետի վանքի տեղը: Արդյունքում, ըստ քրդական ավանդազրույցի, Ս.Կարապետի գլուխը թաղվում է Կեսարիայում, աջ բազուկը՝ Դերսիմում, Հալվորում, իսկ մարմինը՝ Մուշում, և այս երեք սրբազան տարածքներում կառուցվում են Ս.Կարապետի անունով վանքեր :

Մասունքները միշտ ենթակա են եղել զանազանմ առևանգումների: Հայտնի, օրինակ, Քրիստոսի խաչելության խաչի առևանգումը պարսիկների կողմից և դրա գերեդարձը հռոմեացիների կողմից: Հայկական ավանդազրույցի համաձայն «գերեդարձը» տեղի է ունեցել Հայաստանի վրայով և մեր Սուրբ Պաչ տոնի պատմությունը կապվում է այդ գերեդարձի հետ:
Մասունքների հափշտակության բազում պատմություններ կան նաև մոլեռանդ հավատացհալների կողմից: Օրինակ, Դերսիմի պատմության և նկարագրի մասին առաջին հեղինակներից մեկը՝ Անդրանիկը պատմում է 1895թ. Դերսիմում շրջագայելու տարիներին Հալվորի Ս.Կարապետ վանքի վանահորից լսած մի պատմություն: Վանահայրը պատմել է Երզնկայի առաջնորդարանից ստացած մի նամակի մասին, որով նրան հաղորդում էին, թե «կարգ մը քուրդ աւազակներ գիշեր ժամանակ յարձակեր են մեր Ս.Լուսաւորչայ վանքին վրա և կողոպտեր են անոր բոլոր արդն ու զարդը, որոնց մէկն էր նաև Ս.Ներսէսի նուիրական մասունքը: Լսելով, որ աւազակները ձեր կողմերը բերած են յիշեալ մասունքը՝ կխնդրեմք, որ եթէ կարելի ըլլայ՝ ոևէ գումար մը խոստանալով անոնց՝ յետ առնես մասունքն ու ղրկես մեզի»: Վանահորը հաջողվում է գտնել «ավազակին», որի տանը, պարզվում է, «գիշեր-ցորեկ մոմ վառելով՝ ամբողջ քրդերն երկրպագութիւն կընեն նորան, ըսելով թէ սա մեր սուրբն է, որ ժամանակով հայերը գողցեր էին մեզմէ... այժմ նրան դարձեալ բերինք մեզ մօտ, որ պիտի պաշտպանէ բոլորիս...»: Գտնված «ավազակը» վանահորը խոստովանում է, որ «ինքն այդ բանն ընելով՝ երբէք նպատակ չէ ունեցել հայոց վնասներ հասցնել, այլ ինքն իր մեծ մօրմեն լսելով, որ իրենց սուրբը Լուսաւորչայ վանքին մեջ կգտնուի՝ գնացել բերեր է զայն»: Ի վերջո վանահայրը մասունքը չի վերադարձնում՝ պահելով այն Հալվորի Ս.Կարապետի վանքում. «գրեցի, որ չեմ իտար Ս.Ներսէսի մասունքը: Եթէ այդ հայու սրբութիւն է՝ մենք ալ հայ ենք, եթէ այդ հայու վանք է՝այս ալ հայու վանք է. հետևաբար աւելի լաւ է, որ այդ մասունքը մեր վանքին մէջ մնայ, ոչ թէ այնտեղ, ուր միշտ երկիւղալի է գողերու պատճառով»:
Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած ՀԱԵ-ի մասունքների մասին քիչ բան գիտենք, բայց դրանքց մի մասն ակնհայտորեն «քրդացել», «թրքացել», «ալեվիացել» են, ինչպես, օրինակ, նույն Հալվորի Սուրբ Կարապետ վանքի Ս:Կարապետի մասունքը, որը, իմ կողմից 2011-ին գրանցված տեղական պատմությունների համաձայն, համարվել է Սուրբ Հուսեյինի մասունք, և 1937թ. վանքի պայթեցումից առաջ հանվել և տարվել է «պետության կողմից»:

Մասունքները և դրանց շուրջ կատարված զարգացումները, այո, կրոնական իմաստից զատ, նաև պատմական դեպքերի և մշակութային-հասարակական, քաղաքական հարաբերությունների և պատմության ընթացքը հասկանալու աղբյուր են:

Այս երկար նախաբանից հետո վերադառնալով Սուրբ Գեղարդին, կարծում եմ, այսօրվա քննարկումների բնույթը բոլորովին այլ կլիներ, եթե այդ մասունքից Ռուսական եկեղեցուն բաժին հանած ՀԱԵ-ն իր ժամանակին տեղեկացներ այդ մասին: Եկեղեցիներն, այո, միմյանց հետ մասունքներ փոխանակում են, նվիրում են և նաև այդ միջոցով միմյանց միջև հարաբերություններ են կարգավորում: Կարծում եմ ոչ մի վատ բան չկա ՀԱԵ-ին պատկանող մասունքից Ռուս ուղղափառ եկեղեցուն մաս հանելու գործում, ընդհակառակն, ՀԱԵ-ն կարող էր այդ մասին բարձրաձայն և հպարտորեն խոսել հենց նվիրատվության շրջանում՝ որպես քույր եկեղեցուն օժանդակություն: Կարծում եմ հենց այդպես կաներ Ռուս ուղղափառ եկեղեցին՝ եթե ՀԱԵ-ին նվիրաբերեր որևէ քրիստոնեական մասունք, մասունքի մաս: Սա պետք է դիտել միջեկեղեցական կրոնա-քաղաքական հարաբերությունների մաս: Թվում է՝ այսօրվա քննարկումների հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ոչ վաղ անցյալի այդ նվիրատվությունը ի հայտ է գալիս այսօր, դրան հաղորդում է «թաքուն գործարքի» իմաստ և զայրացնում ՀԱԵ-ի հետևորդներին: Առհասարակ որքան բաց ու թափանցիկ լինի եկեղեցին՝ այնքան կշահի և կունանեա հասարակության վստահությունը: