Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Անհրաժեշտ են օրինական, արդար ընտրություններ. դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է». Ռիչարդ Միլզ

285
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 10:55
«Անհրաժեշտ են օրինական, արդար ընտրություններ. դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է». Ռիչարդ Միլզ

«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը կարևորել է Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները.

- Պրն դեսպան, Դուք պետքարտուղարության հայկական բաժնի առաջին ղեկավարն էիք, Հայաստանում զարգացումներին հետևել եք անկախության առաջին իսկ տարիներից, այժմ էլ ավելի քան երկու տարի Հայաստանում եք: Ինչպիսին էր «Թավշյա հեղափոխությունը» դեսպանի աչքերով:

- Տպավորված եմ, որ կատարել եք հետազոտությունն, այո, ես հայկական բաժնի առաջին ղեկավարն էի՝ 26 տարի առաջ: Ինձ համար անձնական մեծ պատիվ էր վերադառնալ Հայաստան, և ականատեսը լինել Հայաստանի պատմության այս նոր գլխի: Իմ կարծիքով, առավել կարևորն այն էր, որ սա Հայաստանի ներսից զարգացող իրադարձություն էր. Հայաստանի քաղաքացիները դուրս էին եկել փողոց, պահանջելով ավելի թափանցիկ, ավելի արդար հասարակություն՝ և այդ ամենը խաղաղ ճանապարհով: Ճիշտն ասած, դա շատ տպավորիչ էր:

Ինչպես ասացի, դա Հայաստանի քաղաքացիների կողմից էր արված: Միևնույն ժամանակ, դա արդյունքն է այն բանի, որ երկու տասնամյակ Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին աշխատելով զարգացրեցին, հզորացրեցին այն ձայները, որոնք առաջ տարան թափանցիկության և պատասխանատվության այս արժեքները: և կարծում եմ, հայ ազգի համար սա շատ կարևոր օր է:

- Արդյոք այս նոր Հայաստանը, Հայաստանը որ խոստանում է զարգացնել ժողովրդավարությունը, ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի Միացյալ Նահանգների համար: Բանն այն է, որ այստեղ Վաշինգտոնում որոշ փորձագետներ մինչ ապրիլյան իշխանափոխությունը նշում էին, որ Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սառում է:

- Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար: Դա կարևոր հարաբերություններ են և միշտ եղել են այդպիսիք: Մենք ակնկալում ենք համագործակցել նոր կառավարության հետ: Դրա առաջնահերթությունները կարծում եմ կարևոր են. տնտեսությունն ավելի արդար դարձնել բոլորի համար, բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, վերջ դնել կոռուպցիայի խնդրին: Սրանք առաջնահերթություններ են, որոնք մենք նույնպես կցանկանայինք իրագործված տեսնել, և դեսպանությունը, ԱՄՆ-ի կառավարությունն ակնկալում են աշխատել նոր կառավարության հետ՝ որպեսզի օգնենք նոր կառավարությանն իրագործել նպատակները: Դա բավականին բարդ է լինելու: Համոզված եմ, հայերն այնքան իմաստուն են, որ սա գիտակցում են: Փողոց դուրս գալը, խաղաղ բողոքելը՝ դրանք հսկայական մարտահրավերներ էին Հայաստանի քաղաքացիների համար, որոնք նրանք ընդունեցին և հաջողությամբ հաղթահարեցին: Խնդրի բարդ կողմն է այդ արժեքներն իրական գործողությունների վերածելն է: Այստեղ մենք ցանկանում ենք այնքան մեծ աջակցություն ցուցաբերել, որքան կարող ենք, այնպես որ սերտ աշխատելու ենք կառավարության հետ: Կարծում եմ հիմնական ոլորտը, որտեղ մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել և որում մեծապես հետաքրքրված են թե՛ Հայաստանի իշխանությունները և թե՛ ԱՄՆ-ում բնակվող Սփյուռքը, մեր երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խրախուսումն է: Դա դեսպանությանը իմ առաջնահերթություն էր նախորդ երեք տարիների ընթացքում, նույնիսկ մինչև վերջին իրադարձությունները, և մենք որոշակի հաջողություններ ենք գրանցել: Վերջին 3 տարիների ընթացքում գրանցվել է 600 միլիոն դոլարի ամերիկյան նոր ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ: Նախորդ տարի մեր երկրների միջև առևտուրը վերջապես բարձրացավ 2008-ի մակարդակից ավելի՝ մենք գրանցեցինք 42 տոկոսի աճ նախորդ տարի: Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում ևս 30 տոկոսի աճ է գրանցվել: Կարծում եմ, եթե կառավարությանը հաջողվի առաջընթաց գրանցել կոռուպցիայի հաղթահարման հարցում, դատական իշխանության անկախության ապահովման հարցում, ապա առևտրի ծավալներն էլ ավելի կաճեն, որովհետև վերջին 3 տարիների ընթացքում որպես դեսպան ես բազմիցս եմ լսել թե ամերիկյան գործարարներից և թե հենց Հայաստանի ձեռնարկատերերից, որ առևտրի, գործարարության հիմնական խոչընդոտն էր այն զգացմունքը, որ Հայաստանում չկան հավասար խաղի կանոններ և որ համակարգը ոմանց նկատմամբ մյուսներից ավելի բարենպաստ էր: Այնպես որ, եթե կառավարությունը կարողանա դա հաղթահարել, կարծում եմ, իրական հնարավորություն կա, իրական ապագա ԱՄՆ-ի կողմից խոշոր առևտրի և ներդրումների, որն իմ կարծիքով մեծագույն աջակցությունն է, որ մենք կարող ենք տրամադրել Հայաստանին:

- Որպես դեսպան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում:

- Առաջին հերթին այդ մասին պետք է դատեն Հայաստանի քաղաքացիները, նրանք պետք է որոշեն, թե որքան ճիշտ է կառավարությունը կարգավորում խնդիրները: Իմ կողմից կասեմ, որ իմ կարծիքով կառավարության հաղորդագրությունը, որ սա նոր էջ է, շատ ուժեղ էր և շատ արդյունավետ: Նրանք մեզ ազդանշան են տվել, որ ցանկանում են նոր հայացք գցել կոռուպցիայի դեպքերի վրա, սակայն, իմ կարծիքով ավելի կարևոր է ամրապնդել նոր կառույցներ, նոր օրենքներ, որոնք կապահովեն համակարգի արդարությունը, կապահովեն, որ կոռուպցիայի խնդիրը կարող է հաղթահարվել համակարգային ձևով: Դա իրոք շատ կարևոր է: Մենք ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության և մի շարք այլ ծրագրերի միջոցով քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ավելի մեծ աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարում, այս հաստատությունների կառուցման գործում, որպեսզի կոռուպցիան երկարաժամկետ բացառվի: Մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացնում կառավարության հետ այս հարցերի շուրջ:

- Անդրադառնալով Պետքարտուղարությունում հանդիպմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հանդիպել է նախագահ Պուտինի հետ և նախատեսում է հանդիպումներ անցկացնել Բրյուսելում: Համաձայն Հայաստանի սահմանադրության, վարչապետն է իրականացնում արտաքին քաղաքականությունը: Պետքարտուղար Փոմփեոն հանդիպում է Հայաստանի նախագահի հետ: Ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը: Ինչո՞ւ է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր առաջին հանդիպումն անցկացնում Հայաստանի նախագահի հետ, ով արտաքին քաղաքականությունն իրականացնող պաշտոնյան չէ:

- Ինչպես գիտեք, պատճառներից մեկը, որ ես այստեղ եմ, ինչպես նաև՝ նախագահը, հսկայական իրադարձությունն է, որ այս ամիս տեղի է ունենում Վաշինգտոնում: Խոսքը Սմիթսոնիան հաստատության ժողովրդական կենցաղի փառատոնի մասին է, որը մեծ իրադարձություն է այստեղ Վաշինգտոնում և ընդհանրապես, ԱՄՆ-ի ամբողջ Արևելյան ափին: Այս անգամ Հայաստանն է ներկայացվում, հայկական մշակույթը և նախագահը, իմ կարծիքով, իր դերի հետ համապատասխան, որպես պետության գլուխ, այսպես ասած, հայկական մշակույթի ներկայացուցիչ, այստեղ է այդ իրադարձության շրջանակներում: Նա մասնակցել է բացման արարողությանը, նա խոսել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Անկեղծ ասած, նա շատ հուզիչ էր, երբ խոսում էր Հայաստանի կյանքի նոր գլխի մասին:

Կարծում եմ, տեղին է, որ երկրի գլուխը հնարավորություն ունի հանդիպելու պետքարտուղարի հետ: Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել Հայաստանում տեղի ունեցածի մասին, ցանկանում էր քննարկել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել ընդհանուր առմամբ: Մասնավորապես, պետքարտուղարը ցանկանում էր խոսել առևտրի և ներդրումների խնդրի մասին: Որքան ես հասկանում եմ, դա մի ոլորտ է, որով նախագահին իր սահմանադրական դերի շրջանակներում խնդրել են զբաղվել՝ գրավելով արտերկրյա առևտուր և ներդրումներ ոչ միայն Ամերիկայից այլ ընդհանրապես, և աշխատել Սփյուռքի հետ: Այնպես որ, կարծում եմ լիովին հասկանալի է, որ նա կօգտագործեր այս հնարավորությունը հանդիպելու պետքարտուղարի հետ և քննարկելու մեր երկրների միջև առևտրի և ներդրումների աճի հնարավորությունները, խոսել ժողովրդական փառատոնի մասին, ինչպես նաև՝ կիսել պետքարտուղարի հետ իր սեփական կարծիքը այս նոր ժամանակաշրջանի և ապագա զարգացումների վերաբերյալ:

- Վերջին հարցը՝ հայ-ամերիկյան հարաբերություններում մոտ ապագայում ինչ զարգացումներ են սպասվում:

- Կարծում եմ, երկու կառավարությունների, երկու ժողովուրդների՝ թե հայ ժողովրդի և Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են: Ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, դա իրա առաջնահերթություն է: Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, և որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իրոք առավել կարևոր իրադարձությունն է: Մենք ցանկանում ենք օգնել, աջակցել այդ գործընթացին: Տեղյակ եմ նաև, որ Եվրամիության կազմում Հայաստանի բարեկամները նույնպես ցանկանում են աջակցություն ցուցաբերել, լինի դա նոր ընտրական գործընթացին աջակցության տեսքով թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամրապնդման տեսքով, որը, և դա մենք հրապարակային ենք ասել, ամրապնդվելու կարիքն ունի, որպեսզի կարողանա հետաքննել խախտումների մասին դիմումները: Այսինքն, որ հայ ժողովուրդը վստահի ընտրական գործընթացին: Այնպես որ, մենք կենտրոնացած ենք ընտրությունների վրա, որպես հաջորդ կարևոր քայլի: Ես ուրախ եմ, որ վարչապետը նույնպես դրանց վրա է կենտրոնացած: