Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.

Աշխարհահռչակ սոպրանո Աննա Ագլատովան հանդես եկավ «Արմենիա» փառատոնի շրջանակում

135
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 17:20
Աշխարհահռչակ սոպրանո Աննա Ագլատովան հանդես եկավ «Արմենիա» փառատոնի շրջանակում

Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած սոպրանո Աննա Ագլատովան հուլիսի 4-ին ելույթ ունեցավ «Արմենիա» միջազգային երաժշտական փաշատոնի շրջանակներում։ Մեր հայրենակից Աննա Ագլատովան, 2005 թվականին ելույթ ունենալով Բոլշոյ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։ 2005 թվականից ի վեր Աննա Ագլատովան ներգրավված է Բոլշոյ թատրոնի գրեթե բոլոր օպերային ներկայացումներում։ Երեւանյան բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Ագլատովան կատարեց փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երգերից, արիաներ հանրահայտ օպերաներից։

Երգչուհին կարեւորեց այն փաստը, որ այս շրջանում Երեւանում անցկացվում է մշակութային իրական տոն՝ «Արմենիա» փառատոնը։ «Դուք կարողանում եք Հայաստան հրավիրել բարձրակարգ երաժիշտների եւ երջանկացնել ձեր ժողովրդին։ Մարդիկ կարող են առանց Հայաստանի սահմանները հատելու լսել ու տեսնել աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտների»,- ասաց Աննա Ագլատովան՝ հավելելով, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենում առաջին անգամ, համագործակցությունը կայացել է, եւ հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի։

Հանդիսատեսը առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց Ագլատովայի ելույթը։ Երգչուհու կատարման ամենագլխավոր արժանիքը աներեւակայելի երաժշտականությունն է, ստեղծագործության մեկնաբանման խորությունը եւ իհարկե՝ երգեցողական բարձր տեխնիկային տիրապետումը։

Համերգի ընթացքում հնչեցին նաեւ հատվածներ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից։ Մաեստրո Մանսուրյանը նկատեց, որ անչափ գոհ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունից։ «Գոհ եմ շատ, ե՛ւ նվագախումբն է հասուն, ե՛ւ Սերգեյ Սմբատյանն է հասուն երաժիշտ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։

Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, խոսելով հայ երաժիշտների կողմից իր ստեղծագործությունների մեկնաբանման մասին, նշեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համաշխարհային մակարդակի նվագախումբ է։ «Նրանք երկու ամիս առաջ Մալթայում էին, եւ շատ կարճ ժամանակում հանդես եկան 13 համերգային ծրագրով, ինչը տպավորիչ էր։ Հայ երաժիշտները հիանալի են մատուցում իմ երաժշտությունը»,- ասաց Շորը։

Հիշեցնենք, որ այս օրերին ընթացող «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։