Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

Ի՞նչ ճանապարհով են դեղատներում հայտնվել կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը. պարզաբանում է ՀՀ ԱՆ-ը

211
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 16:35
Ի՞նչ ճանապարհով են դեղատներում հայտնվել կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը. պարզաբանում է ՀՀ ԱՆ-ը

Հայաստանյան դեղատներում վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը մեր երկրում հայտնվել են անօրինական ճանապարհով. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ դրանք ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են թե արտաքին տեսքով, թե արտադրության երկրով և թե գրանցման սերիական համարով:

Նշված դեղամիջոցներն այս պահին փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում:

Կասկածելի ծագման «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար, ինչը փաստում են նաև դեղի տուփի վրայի նշագրումները: Հայաստանում «Ավելոքս» դեղը գրանցված է, սակայն 400 մգ դեղաչափով 5 հաբանոց տուփերի տեսքով: Իսկ անհայտ ծագման «Ավելոքսի» տուփը 7 հաբ է պարունակում, մեզ մոտ գրանցվածից տարբերվում է արտաքին տեսքով, գույնով:

«Պուրոքսանի» ներդիրն ամբողջությամբ ադրբեջաներեն է՝ հաստատված Ադրբեջանի կողմից 2014 թվականին: Այսպիսի արտադրության դեղամիջոցը ևս չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան: Մեր երկրում «Պուրոքսանի» գրանցման ժամկետն ավարտվել է, այն այժմ վերագրանցման փուլում է: Մինչ այժմ այս դեղամիջոցը Հայաստան է ներմուծվել՝ ձեռք բերվելով ուղիղ բելգիական արտադրողից:

Փաթեթի տվյալներով՝ այս դեղերը ժամկետանց չեն:

Մանրամասները փոխանցվել են համապատասխան տեսչական մարմինին՝ հետագա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Միաժամանակ՝ ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել հայաստանյան շուկայում: